Դավիթ Բաբայան. «Այն, որ ադրբեջանցիները հիմա ուրախացել են՝ դա միանշանակ է»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը կարծում է, որ դեռևս վաղ է գնահատական տալ արցախցի գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալությանը, քանի որ ցանկացած կարծիք կհնչի որպես ենթադրություն:

Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ժամանակը ցույց կտա` քաղաքական դրդապատճառներ ունի՞ Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը, թե՞ ոչ, և արդյո՞ք դրա ետևում կանգնած է Ադրբեջանը, ինչպես գրում են որոշ մեկնաբաններ:

«Այն, որ ադրբեջանցիները հիմա ուրախացել են՝ դա միանշանակ է: Նրանք ընդհանրապես ուրախանում են ցանկացած հայի հետ ինչ-որ դժբախտություն լինելու դեպքում: Բայց վերջնականապես ամեն ինչ ցույց կտա գործը»,- ավելացրեց Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում` Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից: Երեկ Ռուսաստանի Քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել Մոսկվայի Բասմանի շրջանի դատարան` Լևոն Հայրապետյանին կալանքի տակ վերցնելու վերաբերյալ: «Ռոսբալտ» լրատվական գործակալության հաղորդմամբ` Հայրապետյանին կասկածում են 2008 թ. «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի ժամանակ ֆինանսական խարդախություն անելու մեջ: Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել փողերի յուրացման և ապօրինի եղանակով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու՝ քրեական հոդվածներով:
Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը, իր հերթին՝ անդրադառնալով հայազգի մեծահարուստի ձերբակալությանը,  հայտարարեց, որ մեծ հայրենասեր և բարերար Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը կատարվել է Ադրբեջանի քաղաքական պատվերով:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս