ԱՄՆ-ը պատժամիջոցներով վրեժխնդիր է լուծում իր ուկրաինական սցենարի տապալման համար. ՌԴ ԱԳՆ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից երկրի դեմ պատժամիջոցների ընդլայնումը՝ դա որակելով որպես «վրեժխնդրության պարզունակ փորձ՝ կապված նրա հետ, որ Ուկրաինայում իրադարձությունները չեն զարգանում Վաշինգտոնի սցենարով»:
ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է, որ Սպիտակ տունը, դիմելով նման միջոցների, փաստացիորեն հովանավորում է Ուկրաինայի արևելքում արյունահեղությունը, քանի որ փոխարենը կարող էր Ուկրաինայի ղեկավարությանը ստիպել, որպեսզի նա զրահատեխնիկա ու հրետանի չկիրառի խաղաղ բնակիչների դեմ:
ՌԴ ԱԳՆ-ը վրդովեցուցիչ ու անհիմն է համարել հարևան երկրում ընթացող քաղաքացիական պատերազմի պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնելու ձգտումը:
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Ուկրաինայի ներքին խոր ճգնաժամը, որը հանգեցրել է քաղաքացիական պատերազմի ու բազմաթիվ զոհերի գրանցման, վկայում է, որ ԱՄՆ-ի ու նրա կիևյան հաճախորդների ռազմավարությունը տապալվել է՝ կապված ուժային ճանապարհով դժգոհ լայն զանգվածներին լռեցնելու հետ: