Մարգվելաշվիլիին չեն հրավիրել Վրաստանի խորհրդարանի վաղվա նիստին՝ կապված Ասոցացման համաձայնագրի վավերացման հետ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին չեն հրավիրել խորհրդարան, որը մտադիր է վաղը քվեարկել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացման օգտին: Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամլո ծառայության ղեկավար Տինատին Մժավանաձեն:
Վրաստանի խորհրդարանի բյուրոն երեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ գրանցել է այդ փաստաթուղթը, որը շաբաթվա վերջին պետք է դրվի քվեարկության: Մժավանաձեի խոսքերով՝ դեռ հայտնի չէ, թե արդյոք Մարգվելաշվիլին կմասնակցի՞ խորհրդարանի վաղվա նիստին, թե՞ ոչ:
Պլանավորված է, որ վաղվա նիստում ելույթ է ունենալու Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին: Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ խորհրդարանի վաղվա նիստին ներկա են գտնվելու ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և Բուլղարիայի ու Լատվիայի արտգործնախարարները: