Մոտ 3 տոննա թմրանյութն Աֆղանստանից Վրաստան էր հասել Իրանի ու Ադրբեջանի տարածքով. Չիկաիձե
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն հայտարարել է, որ երկրի իրավապահներն օրեր առաջ կանխել են Աֆղանստանից թմրանյութի խոշոր խմբաքանակի (մոտ 3 տոննա հերոին) ուղարկումը Եվրոպա.
«Ելնելով հետաքննության շահերից՝ ես կարող եմ ներկայացնել տեղեկատվության միայն մի մասը: Դա աֆղանական թմրանյութ է, որը Վրաստան էր հասել Իրանի ու Ադրբեջանի միջով և այստեղից պետք է հայտնվեր Եվրոպայում: Թմրաշրջանառության բացահայտումը մեր աշխատակիցների մի քանի ամսվա աշխատանքի արդյունք է:
Ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել բոլորին, ովքեր մասնակցել են այդ աշխատանքին: Դա աննախադեպ դեպք է, և ես կարծում եմ, որ բոլոր նախարարներն ու նախարարությունները կարող են պարծենալ թմրանյութի նման խոշոր խմբաքանակի առգրավման կապակցությամբ»:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը երեկ հայտարարել էր, թե տեղյակ չէ, թե թմրանյութն ինչպես է հատել վրաց-ադրբեջանական սահմանը: