Կատարը մոտ 11 միլիարդ դոլարի ռազմական գործարք է կնքել Պենտագոնի հետ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կատարը Պենտագոնի հետ ստորագրել է մոտ 11 միլիարդ դոլարի սպառազինության գնման մասին մասշտաբային պայմանագիր: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար Ջոն Կիրբին:
Նրա խոսքերով՝ այդ գործարքը հաստատում է ԱՄՆ-ի ու Կատարի միջև անվտանգության ու պաշտպանության ոլորտում գործընկերային ուժեղ կապերի առկայությունը: Կիրբին ընդգծել է, որ գործարքն էլ ավելի կամարապնդի երկու երկրների միջև համագործակցությունը:
Համաձայնագիրը ստորագրել են Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը և Կատարի պաշտպանության նախարար Համադ բին Խալիֆա Ալ-Թանին: Դա 2014 թվականին ԱՄՆ-ի պաշտպանական ոլորտում խոշորագույն գործարքն է:
Ջոն Կիրբիի խոսքերով՝ Կատարն ԱՄՆ-ից գնում է Patriot տիպի 10 զենիթա-հրթիռային համալիր, Apache տիպի 24 հարվածային ուղղաթիռ և Javelin տիպի մոտ 500 շարժական հակատանկային հրթիռային համալիր:
Պենտագոնում պարզաբանել են, որ Կատարը նման քայլի է գնացել՝ կապված նրա հետ, որ Իրանն ընդլայնում է իր հրթիռային զինանոցը: Կատարը մերձավորարևելյան տարածաշրջանում ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցներից է, և ռազմական գործարքը կամրապնդի երկու երկրների միջև կապերը: