Իվան Կուխտա. «Ռուսաստանը զենք է մատակարարում Լուգանսկի և Դոնեցկի տարածքում կռվող զինյալներին»

Մի քանի օր առաջ համացանցում տարածվեց ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, «Ժամանակի էությունը» (Суть времени) շարժման ղեկավար Սերգեյ Կուրղինյանի` Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում կայացած մամուլի ասուլիսի տեսանյութը:

Կուրղինյանը, ով ներկայանում է որպես զինվորական սպա, քննադատության է ենթարկում Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում ուկրաինական բանակի դեմ կռվող «Դոնբասի ժողովրդական ճակատի» հրամանատարին` Սլավյանսկը և մի քանի այլ քաղաքներ հանձնելու համար:

Ասուլիսին միջամտում են զինվորականները` դժգոհելով, որ Ռուսաստանը բացի մի քանի հատ ժանգոտած ինքնաձիգից ոչ մի օգնություն չի տրամադրել ռուսամետ ուժերին: Սրան Կուրղինյանը պատասխանում է. «Դուք ստում եք, Ռուսաստանը ձեզ ռազմատեխնիկական օգնություն է տրամադրում»:

Այս կապակցությամբ 168.am-ը մեկնաբանություն խնդրեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտայից, թե ի՞նչ կարծիք ունի Կուրղինյանի հայտարարության մասին:

Ի պատասխան` դեսպանն ասաց.

«Ուկրաինան պաշտոնապես արտահայտվել է այդ հարցի վերաբերյալ: Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը զենք է մատակարարում Լուգանսկի և Դոնեցկի տարածքում կռվող զինյալներին»:

Ավելացնենք, որ Գերմանիայի կանցլերի մամուլի քարտուղար Շտեֆեն Զայբերտի հաղորդմամբ ` օրերս Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները դիմել են Ռուսաստանին` կոչ անելով դադարեցնել զինյալներին զենքի մատակարարումը:

 

Տեսանյութեր

Լրահոս