«Ես այդ երեխային շատ եմ սիրում». Թուրքիայում հայուհու դստերը խնամած կինը հայտնվել է ամբաստանյալի աթոռին
Փաստաթուղթ կեղծելու մեջ մեղադրվող Ռուզաննան Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանին միջնորդեց իր վերաբերյալ քրեական գործը քննել արագացված դատաքննության կարգով:
Ռուզաննային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա համաձայնության է եկել իրենց տանը վարձով բնակվող մարմնավաճառությամբ զբաղվող ՀՀ քաղաքացու հետ վերջինիս իրեն անհայտ հաճախորդի հետ ունեցած սեռական հարաբերությունից ծննդաբերած աղջկան պահելու և դաստիարակելու վերաբերյալ։ Որոշել են, որ քանի դեռ երեխայի մայրը չունի մշտական բնակության վայր և եկամտի աղբյուր՝ նրա երեխային Ռուզաննան կտանի Թուրքիա, որտեղ ապրում է ամուսնու րնտանիքի հետ։
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2009թ. կինը մեկ անգամ երեխայի հետ մեկնել է Թուրքիա՝ երեխային Ռուզաննայի մոտ թողնելու նպատակով։ Սակայն տեսնելով, որ մուտքի արտոնագրի մեկամսյա օրինական ժամկետի ընթացքում չեն հասցնում երեխայի համար ձեռք բերել նոր փաստաթղթեր, երեխայի մայրը հետ է վերադարձել Երևան։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2010 թ. երեխայի մայրը դստեր հետ կրկին մեկնել է Թուրքիա` Ռուզաննայի մոտ և վերադարձել միայնակ։ Ռուզաննան ամուսնու հետ կնոջ դստերը ներկայացրել են Թուրքիայի քաղաքներից մեկի ՔԿԱԳ բաժին, որպես իրենց դուստր և խնդրել վերջինիս տրամադրել ծննդյան վկայական։ Այնուհետև ակնհայտ կեղծ տվյալներով ձեռք բերված ծննդյան վկայականի հիման վրա երեխայի համար ստացել են Թուրքիայի քաղաքացու անձնագիրը, որից հետո` 21.06.2011թ., Ռուզաննան երեխայի հետ միասին այդ անձնագրով Հայաստան են մուտք գործել երեխայի անվամբ նախկին անձնագրի հիման վրա ստացված Թուրքիայի քաղաքացու անձնագրով:
Դատարանն այսօր որոշեց դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Հանդես գալով ճառով՝ մեղադրողն, ասաց, որ գնահատելով գործի քննության ընթացքում ձեռք բերած ապացույցներն իրենց համակցության մեջ, գտնում է, որ դրանք բավարար են մեղադրական դատավճիռ կայացնելու համար: Մեղադրողն ասաց, որ թեև ամբաստանյալի պատիժն ու պատասխանատվությունը մեղմաղնող և ծանրացնող հանգամանքներ ձեռք չեն բերվել, սակայն ինքը որպես ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանք հաշվի է առնում այն փաստը, որ դեռևս 2011թ. մեղադրյալը սահմանված կարգի խախտմամբ, առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության, ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի պայմաններում լքել է բնակության վայրը և մեկնել ՀՀ սահմաններից դուրս: Մեղադրողը միջնորդեց Ռուզաննային մեղավոր ճանաչել երկու հոդվածներով և 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում նշանակել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը թողնել անփոփոխ մինչև դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելը:
Ամբաստանյալ Ռուզաննայի պաշտպանը դատարանում «անհամեմատ խիստ» որակեց մեղադրողի միջնորդությունը պատժի մասով: «Իմ պաշտպանյալը՝ որպես կին, որպես մայր, խնամել է երեխային, և կարծես թե սիրտն էլ կպել է և այդ երեխային, չտարբերելով իր երեխայից, պահել է: Ինչ վերաբերում է Թուրքիա տեղափոխելուն: Թուրքիա տեղափոխելուց հետո փաստաթղթային խնդիրներ են առաջացել: Յուրաքանչյուր ամիս պետք է իրականացվեր վավերացման հետ կապված արարողակարգը, ինչը չի ստացվել, և իմ պաշտպանյալը ստիպված է գնացել այդ քայլին՝ իր ամուսնու հետ միասին»,- դատարանում ասաց ամբաստանյալի պաշտպանը: Նա նշեց, որ ճիշտ է՝ կատարվել է քրեորեն հետապնդելի արարք, իր պաշտպանյալն էլ իրեն մեղավոր է ճանաչել. «Բայց հարց է առաջանում՝ եթե ինքը չդիմեր նման քայլի, ի՞նչ պիտի լիներ երեխայի ճակատագիրը»: Փաստաբանն ասաց, որ պաշտպանական կողմն ակնկալում է ազատազրկման հետ չկապված պատիժ: Ըստ նրա՝ ամբաստանյալն ունի մշտական բնակության վայր, նրա խնամքին է տարեց մայրը, երեխային էլ շարունակելու է խնամել:
«Չգիտեմ ինչու, ես այդ երեխային շատ եմ սիրում»,- հուզվելով ասաց Ռուզաննան: Նա նշեց, որ գիտի՝ «սխալմունք է արել», բայց ճարահատված է նման բան արել, որովհետև երեխան պետք է մանկապարտեղ գնար, նրան «ուսումի պետք է տար». «Դա ես ճարահատված եմ արել»: Կինը հավելեց նաև, որ երեխան ճանաչում է իր մորը:
Քանի որ պաշտպանական կողմը դատարանին պետք է որոշակի փաստաթղթեր ներկայացնի, դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 16-ին: