Շևարդնաձեն նվազեցրել է միջուկային պատերազմի ռիսկը. Ջոն Քերի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իր ցավակցություններն է հայտնել ԽՍՀՄ-ի նախկին արտգործնախարարի ու Վրաստանի նախկին նախագահի մահվան կապակցությամբ՝ նրան անվանելով Վրաստանի պետական մեծ գործիչ:
Էդուարդ Շևարդնաձեն մահացել է երեկ՝ 87 տարեկանում: Նրա հուղարկավորությունը տեղի է ունենալու հուլիսի 13-ին: Շևարդնաձեի հուղարկավորության ծախսերն իր վրա է վերցրել պետությունը: Վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու հրամանով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի Շևարդնաձեի հուղարկավորության կազմակերպմամբ:
Ջոն Քերիի խոսքերով՝ Շևարդնաձեն նվազեցրել է միջուկային պատերազմի ռիսկը և նպաստել է Եվրոպայում բարեփոխումներ անցկացնելուն: Քերին հայտարարել է, որ Շևարդնաձեն ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի, ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի ու պետքարտուղար Ջորջ Շուլցի հետ միասին առաջնային դեր է խաղացել «Սառը պատերազմի» ավարտում.
«Նա դիմակայել է կոշտ գծի կողմնակիցներին և հրաժարվել է ուժ կիրառել Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների դեմ, երբ նրանք սկսել են իրականացնել քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ: Նա նաև հանդես է եկել ԽՍՀՄ-ում բարեփոխումներ անելու օգտին:
Որպես անկախացումից հետո Վրաստանի երկրորդ նախագահ՝ Շևարդնաձեն օգնել է ապահովել 1990-ական թվականների այդ փխրուն պետության ինքնիշխանություններ ու պետական ամբողջականությունը, և Վրաստանը դուրս է բերել դեպի եվրաատլանտյան ինտեգրման անդառնալի ուղի: Շևարդնաձեն Վրաստանի պետական մեծ գործիչ է»: