«Լևոն Տեր-Պետրոսյանն ամենադաժանն էր». կարծում են Հայաստանում խղճի ազատության վերաբերյալ ուսումնասիրության համահեղինակները
Վահան Իշխանյանի, Սառա Խոջոյանի և Մերի Երանոսյանի համահեղինակությամբ լույս է տեսել «Համայնք և երկիր» աշխատությունը, որը Հայաստանում խղճի ազատության վերաբերյալ ուսումնասիրություն է: Վահան Իշխանյանն ասում է, որ իրենք գիրքը վերնագրել են «Համայնք և երկիր»՝ ցանկանալով ցույց տալ, որ Հայաստանում ապրում են բազմաթիվ կրոնական համայնքների ներկայացուցիչներ: Հեղինակներն անդրադարձել են Հայաստանում խղճի ազատության հետ կապված ամենատարբեր խնդիրների՝ սկսած քաղաքականից. համեմատելով, թե Հայաստանի Հանրապետության երեք նախագահներից ում պաշտոնավարման օրոք ինչպիսին է եղել վերաբերմունքը խղճի և դավանանքի ազատության նկատմամբ, մինչև Առաքելական եկեղեցու հետևորդ հայտնի մարդկանց, մասնավորապես՝ դերասանների նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը: Օրինակ, դերասանուհի Աննա Էլբակյանը, ով, ըստ աշխատության հեղինակների, Ավետարանական եկեղեցու ճյուղավորում հանդիսացող «Ռեմա» եկեղեցու անդամ է, ասում է. «Դուք չգիտեք. ամենափոքր հիշատակումը, որ մենք այլ եկեղեցում ենք, արժենում է մեզ գիշերներ, գիշերներ, անքուն գիշերներ»: Նույն Աննա Էլբակյանը պատմում է, թե ինչպիսի հալածանքների է ենթարկվում ինքը ոչ առաքելական եկեղեցու հետևորդ լինելու համար. «Ես իրոք հալածվել եմ, լրջորեն հալածվել: Մեզ զրպարտել են բազմաթիվ անգամներ, նույնիսկ այնպիսի անհեթեթ զրպարտություն, թե մեր ընտանիքը զբաղվում էր, ոչ ավել, ոչ պակաս՝ անառակությամբ`գրուպեն սեքսով»:
Ինչ վերաբերում է երեք նախագահների պաշտոնավարման շրջանները խղճի ազատության տեսակետից համեմատելուն, ապա գրքի հեղինակները գրում են. «Կրոնագետներն ու Հայաստանում խղճի ազատության փորձագետները, գնահատելով երկրում անցած 23 տարիներին դավանանքի ազատության վիճակը, ասում են, որ կրոնական խմբերի համար վատագույն ժամանակը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարության շրջանն էր: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարության ժամանակահատվածը գնահատվում է համեմատաբար խաղաղ և հանդուրժող, իսկ Սերժ Սարգսյանի նախագահության փուլը` ավելի համակարգված անհանդուրժողականությամբ»:
Ուսումնասիրության հեղինակները կարծում են, որ Հայաստանում խղճի ազատության ապահովման համար անհրաժեշտ են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք պետք է նպաստեն Հայ Առաքելական եկեղեցու ունեցած մենաշնորհների վերացմանը: «Քարոզելու մենաշնորհը պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն, մյուս եկեղեցիների ներկայացուցիչների քարոզը դիտարկվում է որպես հոգևորսություն, մինչդեռ օրենքով պետք է սահմանվի պատշաճ և ոչ պատշաճ դավանափոխություն: Բացի այդ, օրենքով Հայ Առաքելական եկեղեցուն տրամադրված են բարեգործությամբ զբաղվելու, հիվանդանոցներում, ազատազրկման վայրերում, զորամասերում հոգևոր ներկայացուցիչ ունենալու մենաշնորհ, դպրոցներում հոգևոր քարոզչությամբ զբաղվելու մենաշնորհ»,- ասում է գրքի համահեղինակ Մերի Երանոսյանը: Մերին ասում է, որ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու չորս անհաջող փորձ է եղել: Յուրաքանչյուր անգամ Հայաստանի կառավարության կողմից պատրաստված փոփոխության նախագծերը քննադատության են ենթարկվել Վենետիկի հանձնաժողովի փորձագետների կողմից, սակայն նոր նախագծեր կազմելիս այդ դիտողությունները և քննադատությունը հաշվի չի առնվել: Մերի Երանոսյանը թերահավատ է այն հարցում, որ կհաջողվի այդ մենաշնորհները վերացնող և կրոնական բոլոր համայնքների համար գործունեության հավասար հնարավորություններ ապահովող օրենք ընդունել: