Ինչու վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց «Հարսնաքարի» գործով վճիռը. դատարանի վերլուծությունը

Մարտի 23-ին ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել էր «Հարսնաքարի» գործով ամբաստանյալների պաշտպանների բողոքները և անփոփոխ թողել Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Մարտի 24-ին Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը գործով վեց ամբաստանյալներին՝ Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին մեղավոր էր ճանաչել դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելու համար, որն ազգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու և ծեծի համար՝ նրանց դատապարտելով 12 տարվա ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի:

Datalex դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է այս գործով վերաքննիչ դատարանի որոշումը: Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ նշել է, որ առաջին ատյանի դատարանում դատական քննության սկզբնական շրջանում ամբաստանյալ Գարիկ Մարգարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն հետագայում հայտնել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում մասնակի` ընդունելով մեղադրանքը՝ տուժող Արտակ Բայադյանին միջին ծանրության մարմնական վնասվածքներ պատճառելու մասով:

«Առաջին ատյանի դատարանում դատաքննության ընթացքում ամբաստանյալ Դավիթ Ադամյանը, օգտվելով դատավարական իրավունքներից, ցանկացել է ցուցմունք տալ` հրաժարվելով պատասխանել դատավարության մյուս մասնակիցների հարցերին, բացառությամբ՝ իր պաշտպանի, և հայտնել է, որ երբ Վահե Ավետյանը հայհոյել է իր ընտանիքի անդամներին, մեկ անգամ հարվածել է նրան: Այդ պահին միանգամից միջամտել են անվտանգության աշխատակիցներ Նորայրն ու Գարիկը: Դրանից հետո ինքը բարձրացել է տնօրենի մոտ, որ տեղյակ պահի կատարվածի մասին:

Առաջին ատյանի դատարանում քրեական գործի դատական քննության սկզբնական շրջանում ամբաստանյալ Արթուր Բաբլոյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն հետագայում հայտնել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում մասնակի, մասնավորապես` տուժող Գարիկ Սողոմոնյանին ծեծի ենթարկելու մասով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ամբաստանյալ Արման Բաղդասարյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց, իսկ առաջին ատյանի դատարանում դատական քննության ընթացքում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:
Քրեական գործի նախնական և դատական քննության ընթացքում ամբաստանյալ Արման Խաչատրյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Առաջին ատյանի դատարանում քրեական գործի դատական քննության սկզբնական շրջանում ամբաստանյալ Նորայր Հայրապետյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն հետագայում հայտնել է, որ առաջադրված մեղադրանքում մասնակի է մեղավոր ճանաչում, մասնավորապես` մեղադրանքն ընդունել է տուժող Վահե Ավետյանին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մասով: Պնդել է, որ մեկ անգամ է ապտակել տուժող Գարիկ Սողոմոնյանին` իր հասցեին հայհոյանք հնչեցնելու կապակցությամբ: Դրանից հետո փորձել է հանդարտեցնել իրավիճակը, ու այդ պահին իր առջև է կանգնել Վահե Ավետյանը, ով հայհոյանքներ է հնչեցրել ու չի ցանկացել հանդարտվել, ինչից հետո ինքը մեկ անգամ հարվածել է նրան, ինչի արդյունքում Վահեն վայր է ընկել:

Առաջին ատյանի դատարանը, վերլուծելով ամբաստանյալներ Դավիթ Ադամյանի, Արթուր Բաբլոյանի, Արման Բաղդասարյանի, Արման Խաչատրյանի, Նորայր Հայրապետյանի և Գարիկ Մարգարյանի նախաքննական ու դատաքննական ցուցմունքները, գտել է, որ ամբաստանյալների պատճառաբանությունները, մասնավորապես՝ այն մասով, թե տուժողներին ծեծի ենթարկելու գործընթացին չեն մասնակցել կամ տուժողներին համապատասխան մարմնական վնասվածքներ պատճառելը չի կատարվել միասնական դիտավորությամբ` մեկը մյուսի գործողությունները լրացնելու դիտավորությամբ, անհիմն են ու քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ են հետապնդել, և դրանք հերքվում են, իսկ առաջադրված մեղադրանքները հաստատվում, հիմնավորվում են պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված և դատական ակտում շարադրված հետևյալ ապացույցներով՝ գործով տուժողներ Արտակ Բայադյանի, Գարիկ Սողոմոնյանի, Էդգար Նիկոյանի, Արկադի Աղաջանյանի, վկաներ Հրաչյա Զոհրաբյանի, Հայկ Ազատիկյանի, Պավել Հարությունյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներով, վկաների դատաքննական ցուցմունքներով, դատաբժշկական փորձագետի ցուցմունքով, ճանաչման ներկայացնելու մասին արձանագրություններով, առերես հարցաքննության արձանագրություններով, եզրակացություններով, հեռախոսազանգերի վերծանումների զննություն կատարելու մասին արձանագրությամբ, զննության արձանագրությամբ, իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշմամբ, տեղանքի զննում կատարելու մասին արձանագրությամբ:

«Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա քննության առնելով գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի նորմերի պահպանումը, վերաքննիչ դատարանը հիմնավորված է համարում Առաջին ատյանի դատարանի հետևություններն առ այն, որ Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը և Գարիկ Մարգարյանը կատարել են արարքներ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 118-րդ հոդվածով:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները հիմնավորված են քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ:
Պահպանված են ապացույցների հավաքման, ստուգման և իրավական գնահատության վերաբերյալ ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերը:

Այս կապակցությամբ պաշտպանության կողմի վերաքննիչ բողոքների պատճառաբանությունները` ամբաստանյալներին մեղսագրված արարքների փաստական տվյալների նկարագրության` այդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներին չհամապատասխանելու, ամբաստանյալների արարքներին սխալ քրեաիրավական գնահատականներ տրված լինելու վերաբերյալ, անհիմն են, չեն բխում քրեական գործի տվյալներից»,- նշել է դատարանն իր որոշման մեջ:

Վերաքննիչ դատարանը, քննության առնելով պաշտպանության կողմի վերաքննիչ բողոքների պատճառաբանություններն այն մասին, որ ամբաստանյալների և տուժողների ցուցմունքները լիարժեք չեն հետազոտվել և գնահատվել, արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանը քրեական գործով ձեռք բերված յուրաքանչյուր ապացույց վերլուծելով թույլատրելիության, վերաբերելիության վերաբերյալ քրեադատավարական պահանջների տեսանկյունից, իրավական գնահատական տալով ամբաստանյալների և տուժողների դատաքննական և նախաքննական ցուցմունքներին, «իրավացիորեն արժանահավատ է համարել տուժողների ցուցմունքները»:

Որոշման մեջ դատարանը նշել է, որ վերաքննիչ դատարանը պաշտպանության կողմի վերաքննիչ բողոքների փաստարկներն այն մասին, որ դատավճիռը կայացվել է հանգամանքների միակողմանի, թերի և սուբյեկտիվ հետազոտմամբ, դատաքննությամբ ձեռք բերված և հետազոտված ապացույցներն անտեսվել են, գտնում է հիմնազուրկ. «Վերաքննիչ դատարանը փաստում է, որ քրեական գործի քննության ընթացքում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ չեն տրվել, պահպանվել են ապացույցների հավաքման, ստուգման և գնահատության վերաբերյալ ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը, ամբաստանյալների կողմից իրենց մեղսագրված արարքները կատարելը և նրանց մեղքը հիմնավորվում է քրեական գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ»:

Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարել պաշտպանության կողմի վերաքննիչ բողոքների պատճառաբանություններն այն մասին, որ ամբաստանյալներ Դավիթ Ադամյանի, Գարիկ Մարգարյանի, Նորայր Հայրապետյանի, Արթուր Բաբլոյանի, Արման Բաղդասարյանի և Արման Խաչատրյանի գործողություններում բացակայում է նրանց մեղսագրված հանցանքների հանցակազմը և նրանց արարքները ենթակա են վերաորակման:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալների մեղադրանքի հիմքում դրված ապացույցներն արժանահավատ են և վերաբերելի, դրանք իրավացիորեն դրվել են դատավճռի հիմքում:

Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ամբաստանյալ Արման Խաչատրյանի վերաքննիչ բողոքի փաստարկը, որ դատարանը թույլ է տվել խախտում, քանի որ դատաքննության ընթացքում ապօրինի գտնվել է կալանքի տակ՝ առանց հիմքերի և դատարանի որոշման, գտել է, որ այն անհիմն է. առաջին ատյանի դատարանը, գործը քննության նշանակելիս, «փաստարկված տվյալներով հիմնավորել է, որ ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոփոխելու կամ վերացնելու հիմքեր չկան»:

Քննության առնելով տուժողի իրավահաջորդի և տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի վերաքննիչ բողոքի պատճառաբանությունները քաղաքացիական հայցի վերաբերյալ, վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, քաղաքացիական հայցն առանց քննության թողնելով, դատական սխալ թույլ չի տվել :

Պատրաստեց ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

Տեսանյութեր

Լրահոս