«Եթե ռուսները ստիպեն, որպեսզի պաշտոնական Երեւանը գնա զիջման ԼՂ հարցում, չի բացառվում, որ Ադրբեջանը կարող է միանալ ԵՏՄ-ին». ԳԱԼԱ

Եվրասիական միությանն Ադրբեջանի անդամակցության հարցը բացասական հետեւանքներ կարող է ունենալ ԼՂ հարցի վրա, նման համոզմունքով քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ասում է․ «Ես կարծում եմ, որ ինքներդ կարող եք կռահել, թե ինչ վիճակում կհայտնվի ԼՂ-ն, չեմ ուզենա ձեր տրամադրությունը գցել այդ իմաստով»:

Անդրադառնալով Մոսկվայի առաջարկություններին՝ Ադրբեջանը Եվրասիական միությունում տեսնելու վերաբերյալ, քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանի իրական մտադրությունները տարբերվում են այն դիրքորոշումից, որ նա արտահայտում է: «Պրոցես է, որտեղ Ադրբեջանն ուզում է միաժամանակ եւ չմտնել որեւէ ինտեգրացիոն պրոցեսի մեջ եւ միաժամանակ ուզում է լուծել ԼՂ հարցը: Իհարկե իր համար ԼՂ հարցը գերակա խնդիր է, եւ եթե ռուսները այդպիսի ճնշումների միջոցով ստիպեն, որպեսզի պաշտոնական Երեւանը գնա զիջման ԼՂ հարցում, չի բացառվում, որ նույն Ադրբեջանը կարող է միանա նաեւ այդ միությանը»,- ԳԱԼԱ-ին ասել է նա:

Տեսակետների հետ, թե Եթե Ադրբեջանը չանդամակցի Եվրասիական միությանը, Ռուսաստանը Հարավային Կովկասում պատերազմ կհրահրի, Երվանդ Բոզոյանը համամիտ չէ, պատճառաբանում է. «Ռուսաստանը ոչ մի պատերազմ էլ չի պատրաստվում հրահրել, որ չբացվի երկրորդ ճակատ Ուկրաինայից հետո: Այդպիսի խելագարություն ոչ ոք չի պատրաստվում անել Մոսկվայում: Սակայն հասկանալի է, որ Մոսկվայում շահագրգռված են, որ Ադրբեջանը միանա Եվրասիական միությանը: Ադրբեջանն այսօր, բնականաբար, հայտարարում է, որ իր օրակարգի մեջ այդպիսի հարց չկա, սակայն ըստ էության նկատելով, որ Ռուսաստանը չափազանց շատ է շահագրգռված այս հարցում, փորձում է այդպիսի պատուհաններ բաց թողնել, որոնց միջոցով հնարավոր լինի Մոսկվային հորդորել, որ Մոսկվան գնա իրենց պատկերացումներով կոնստրուկտիվ եւ կառուցողական քայլերի ԼՂ կարգավորման վերաբերյալ: Գոնե գաղափարական իմաստով դրանք ցույց են տալիս, որ չեն միանում, քանի որ լուծված չէ ԼՂ հարցը»:

Նա վստահ է, որ սա Ադրբեջանին գաղափարական իմաստով առավելություն է տալիս, քանի որ. «Ռուսաստանի քաղաքական ու պետական վերնախավն իր մեջ արդեն ձեւակերպել է հետեւյալը, որ մենք չենք կարողանում Ադրբեջանին միացնել Եվրասիական միությանը, որովհետեւ լուծված չէ ԼՂ հարցը»:

Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Սաֆրաստյանը եւս կիսում է գործընկերոջ գնահատականները, միայն թե համոզված չէ, որ Ադրբեջանի անդամակցության հարցը Եվրասիական միությանն այդքան հրատապ է դրված.
«Կարծում եմ վաղ է եզրակացություն անելը, դա հնարավոր բան է, իսկ թե ինչ ազդեցություն կունենա հետագայում Արցախի հարցի լուծման վրա, կարծում եմ, որ պետք է մենք սկզբից դեռ մեզ համար պարզենք, թե Եվրասիական միությունում մեր դերն ինչ պիտի լինի»,- նշում է արեւելագետը:

Ռուբեն Սաֆրաստյանը եւս վստահ չէ, որ Ռուսաստանը մտադիր է պատերազմ հրահրել տարածաշրջանում, նշում է. «Ես չեմ կարծում, որ Մոսկվայի համար ձեռնտու է Հարավային Կովկասում պատերազմ հրահրել, որովհետեւ Հարավային Կովկասը՝ որպես աշխարհաքաղաքական միավոր, հիմա ավելի կարեւոր է դառնում ՌԴ համար: Մի տարածաշրջան է դա, որը միջին կապող օղակ է հանդիսանում Մերձավոր Արեւելքի հետ, իսկ այնտեղ մենք տեսնում ենք՝ Իրաքում ինչ իրադրություն է ստեղծվել, աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում: Ռուսաստանի համար կարեւոր է, որ Հարավային Կովկասը գտնվի իր ազդեցության տակ եւ լինի հնարավորինս ավելի հանգիստ, հանդարտ, որ Ռուսաստանն ինքը այդ տարածաշրջանի միջոցով մի կողմից հնարավորություն ունենա ազդեցություն գործադրել Մերձավոր Արեւելքի վրա, մյուս կողմից տեսնում ենք՝ Ուկրաինայում ինչ է տեղի ունենում, մի հատ էլ նման վտանգավոր իրավիճակ ստեղծել Հարավային Կովկասի վրա, համոզված եմ, որ դա Ռուսաստանի շահերից չի բխում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս