Կառավարությունը մոտ է Որոտանի վաճառքի գործարքը չեղյալ համարելուն. «ՀԺ»
«Մեր ունեցած տեղեկություններով, կառավարությունը չափազանց մոտ է «Որոտան հիդրոկասկադի» վաճառքի գործարքը չեղյալ համարելուն: Ըստ այդմ, վերջնական որոշումը դեռ չի կայացվել, բայց դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«Այս տարվա հունվարի 29-ին Երեւանում ամերիկյան «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության եւ ՀՀ կառավարության միջեւ կնքվեց պայմանագիր, ըստ որի, ամերիկյան ընկերությունը 120 մլն դոլար էր վճարելու Որոտանի հիդրոկասկադի համար եւ եւս 70 միլիոն դոլարի ներդրում պետք է աներ:
Գործարքը, ըստ այդ պայմանագրի, պետք է ավարտված լիներ մինչեւ ապրիլի կեսը, սակայն մինչ օրս այն չի ավարտվել եւ գումարը վճարված չէ: Ոչ ամերիկյան կողմը եւ ոչ էլ ՀՀ կառավարությունը սպառիչ բացատրություններ չեն տալիս, թե ինչ խնդիրներ են ծագել: Կառավարությունից ստացվող ոչ պաշտոնական տեսակետի համաձայն, գործարքը չեղյալ համարելը իրականում ոչ թե տնտեսական, այլ արտաքին քաղաքական եւ ներիշխանական դրդապատճառներ ունի»:
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։