Սրբազան հայրերը այցելել են մարտական հենակետ

Հունիսի 21-ին մի խումբ հոգևորականներ այցելել են հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական հենակետեր:
Արտերկրում իրենց հոգևոր ծառայությունն իրականացնող սրբազան հայրերն այս օրերին Հայաստանում են գտնվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երկու տարին մեկ անգամ անցկացվող միաբանների հավաքին մասնակցելու նպատակով: Հավաքին ներգրավված մի խումբ հոգևորականներ զինված ուժերի մարտական հենակետերից մեկն այցելելու ցանկություն էին արտահայտել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական հենակետում Հայ առաքելական եկեղեցու սրբազան հայրերը հանդիպում ունեցան տվյալ հատվածի պաշտպանությունն իրականացնող զինծառայողների հետ: Ողջունելով հոգևոր սպասավորներին` մարտական հենակետի ղեկավար կազմը պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին, ներկայացրեց մարտական հերթապահության առանձնահատկություններն ու խնդիրները, առկա սպառազինության տեսակները: Սրբազան հայրերը եղան նաև դիտակետերում, հետևեցին դիրքապահ զինծառայողների գործառույթներին:

Ըստ հաղորդագրության՝ շնորհակալություն հայտնելով հայրենանվեր ծառայության համար` հոգևոր հայրերը հենակետի զինծառայողների փոխանցեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարեմաղթանքներն ու օրհնությունը:
Ացելության ավարտին սրբազան հայրերը ճաշակեցին զինվորական ուտեստներ, լուսանկարվեցին հենակետի անձնակազմի հետ:

 

Տեսանյութեր

Լրահոս