Բաժիններ՝

Ջրային տնտեսության պետական կոմիտեն արձագանքել է Ազատեկի բնակիչների դժգոհություններին

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն արձագանքել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկ համայնքի չօգտագործվող ջրագծի խողովակների մոնտաժման հետ կապված խնդրին եւ հարցի շուրջ համայնքի դժգոհությանը:

Հիշեցնենք, որ Ազատեկի բնակիչներն իրենց դժգոհությունն էին արտահայտել, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն աճուրդի է հանել իրենց գյուղի տարածքում գտնվող ԽՍՀՄ տարիներին կառուցված ջրագծի խողովակները: Նրանք պահանջում են, որ այդ խողովակները օգտագործվեն համայնքում նոր ջրագծի կառուցման եւ իրենց ջրի խնդիրը լուծելու համար:

ԷկոԼուրին ուղարկած Ջրային տնտեսության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ ասված է․ «2006թ-ին շահագործման է հանձնվել Վայքի ենթաշրջանի ոռոգման նոր համակարգը, որը թույլ է տվել տարածաշրջանի շուրջ 1000 հա-ի մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոսով: Ինքնահոսի կառուցման արդյունքում դադարեցվել է 8 պոմպակայանի շահագործում, այդ թվում` Ազատեկի I-ին աստիճանի պոմպակայանի:

Խողովակների ապամոնտաժման նպատակը ոռոգման համակարգի մեկ այլ հատվածում հրատապ նախագծի իրականացումն է. նախագծով նախատեսվում է Վայոձ Ձորի մարզի Ազատեկ համայնքի I-ին աստիճանի չգործող պոմպակայանի ճնշումային խողովակաշարից տարբեր տրամաչափի մետաղական խողովակներն ապամոնտաժել, տեղափոխել և օգտագործել Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքի «Արաքս N2» պոմպակայանի վերականգնման և «Հայկաշեն» պոմպակայանի կառուցման նպատակով:

Անհետաձգելի այս նախագծերը պետք է կյանքի կոչվեն Սևջուր գետի ավազանում. ինչպես հայտնի է, գետը գրեթե ցամաքել է և 8000հա-ից ավելի հողատարածքներ Արարատյան դաշտում հայտնվել են սակավաջրության գոտում:

Երկու պոմպակայանների նախագծերն ընդգրկված են ՀՀ Կառավարության 27.02.2014թ. N218-Ն որոշման մեջ, նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմվել են 25.11.2013թ – 24.01.2014թ «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից:

Պոմպակայնների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերումից հետո կայացել է շինարարների մրցույթ, որի հաղթողն է «Եղվարդշին» ԲԲԸ-ն: Շինարարությունն իրականացնելու համար կնքվել է համապատասխան պայմանագիր, առկա են բոլոր փաստաթղթերը, որոնց թվում նաև` ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա.Անդրեասյանի հանձնարարականը, ինչպես նաև խողովակաշարի քանդման` Ազատեկ համայնքի ղեկավարի թույլտվությունը: Համայնքի ղեկավարին, իդեպ, բազմիցս և մանրամասն ներկայացվել է նախագծի էությունը:

Ամփոփելով տեղեկատվությունը, ևս մեկ անգամ հավաստիացնենք, որ ապամոնտաժված խողովակաշարը ոռոգման համակարգի սեփականությունն է և ոռոգումից բացի, այլ նպատակով չի օգտագործվի:

Ինչ վերաբերում է Ազատեկի ոռոգման խնդրին, տեղեկացնենք, որ Ազատեկ համայնքի տնամերձ հողատարածքները ոռոգվում են Փոռի ջրթափ ավազանից սնվող ջրագծի միջոցով, որի նախագծային թողունակությունը կազմում էր 86 լ/վրկ, սակայն այսօր այն 50լ/վրկ-ից չի գերազանցում, ինչն էլ որոշ ջրօգտագործողների դժգոհությունն է հարուցում:

«Վայք» ՋՕԸ-ն որոշ քայլեր է կատարել խնդիրը կարգավորելու համար, մասնավորապես, հարևան Փոռ համայնքի ջրօգտագործողները նախկինում նույնպես սնվում էին վերը նշված ջրագծից, սակայն նրանց համար կառուցվել է սնման նոր աղբյուր և Փոռի ջրթափ ավազանի ծանրաբեռնվածությունն այս կերպ նվազեցվել է: Համայնքի սեփականաշնորհված հողատարածքներն ընկած են նույն ջրթափ ավազանից սնվող` դեպի Զեդեա տանող ջրագծի վրա, որից, բացի Ազատեկից, բավարար չափով ջուր են ստանում ևս 2 համայնքներ, որոնք դժգոհություն չունեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս