Հայաստանի տեսողությունն ու լսողությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը երեկ հայտարարել է, որ ԱՄՆ-ը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումները:

ԱՄՆ դեսպանի այս հայտարարությունը հատկապես խոսուն է Ռուսաստանի դեսպանի հայտնի հայտարարության ֆոնին, որը Նախիջևանի սահմանի ուղղությամբ իրավիճակի լարման և երկու հայ զինծառայողի սպանության վերաբերյալ հարցին ի պատասխան հայտարարել էր, որ ոչնչից տեղյակ չէ, չի լսել նման բան:

Ռուսաստանի դեսպան Վոլինկինը կարող էր, իհարկե, տեղյակ չլինել, որովհետև նրա խնդիրը բոլորովին էլ հրադադարի ռեժիմի խախտումներից տեղյակ լինելը չէ, այլ Հայաստանում ռուսական կայսրության համար անցանկալի շրջանակների դեմ պայքարի մեթոդաբանական հուշումներ անելը Հայաստանի իշխանություններին:

Թե հրադադարի ռեժիմը քանի անգամ է խախտվում և ընդհանրապես ինչ է կատարվում սահմանին` Ռուսաստանի դեսպանին ու Ռուսաստանին ընդհանրապես հետաքրքիր չէ, հակառակ դեպքում ՀԱՊԿ կոչվող կառույցը` Ռուսաստանի առաջատարությամբ գոնե կես բերան որևէ կերպ արտահայտված կլիներ Ադրբեջանից հայկական կողմի հանդեպ ոտնձգությունների կապակցությամբ: Ահա Մինսկի խմբի երկու համանախագահ երկրների դեսպանների դիրքորոշումներ, որոնցից մեկը Հայաստանին բարեկամ է, իսկ մյուսն իբրև թե ռազմավարական դաշնակից ու անվտանգության եաշխավոր:

Անվտանգության երաշխավորը նույնիսկ տեղյակ չէ` ինչ է կատարվում սահմանին, իսկ բարեկամը դատապարտում է հրադադարի խախտումները՝ թեկուզ ընդհանուր, բայց դատապարտում է կոնկրետ առիթով: Եվ խնդիրն այստեղ, ըստ էության, այն չէ, որ մեկը լավն է, մյուսը` վատ, մեկը բարի է, մյուսը` չար:

Խնդիրն այն է, որ իրականում մեզանում ձևավորված են պատկերացումներ կույր կարծրատիպերի վրա` այն դեպքում, երբ մենք պետք է մեր հետևություններն ու եզրահանգումները, մեր անվտանգության վերաբերյալ գործընկերային հարաբերությունների ընտրությունը կատարենք մեր շուրջը տեղի ունեցողից ելնելով, ելնելով հստակ դիրքորոշումներից, և ոչ թե նախապատմական պաշտամունքներից կամ նախապաշարումներից, միակ բարեկամի կամ փրկչի սինդրոմներից: Վերջիվերջո, ընտանիք չենք կազմում, այլ հոգում ենք պետության անվտանգությունը»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս