«Մենք ասում ենք՝ պարտադիր բաղադրիչը բացառվում է և մարդը պետք է մասնակցի իր կենսաթոշակի ձևավորմանը». Աղվան Վարդանյան

Պետական համակարգում տարբեր ոլորտներում 2003 թվականից եղել է աշխատավարձի բարձրացում, իսկ 2008 թվականից որևէ բարձրացում չի եղել:

Այս մասին այսօր ԱԺ նիստում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` հակադարձելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին (Ա. Վարդանյանը 2003-2008թթ. եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար,-հեղ.):

Վարդանյանը նշեց, որ նախարարն իրենց դիրքորոշումներին կամ ծանոթ չէ կամ ճիշտ չի ընկալել: Ըստ նրա` իրենց օրինագծի առաջարկած տարբերակում պարտադիր բաղադրիչը բացառվում է և մարդը պետք է մասնակցի իր կենսաթոշակի ձևավորմանը:

Ա. Ասատրյանը հայտարարեց, որ աշխատավարձերի հատվածային բարձրացումը բացառելու համար մեկ միասնական հենքով համակարգ է ներդրվում հուլիսից:

Նախարարը նշեց, որ իր տպավորությամբ կուտակային բաղադրիչի հետ կապված հարցում ընդդիմադիրների մոտ կա որոշակի դիրքորոշում, որպեսզի լինի պայմանակուտակային: Ըստ նրա` կողմերի դիրքորոշումները միասնական չեն նաև իր կենսաթոշակի կուտակմանը քաղաքացու մասնակցության հարցի շուրջ:

«Այս հարցերի շուրջ եթե համաձայնության գանք, մնացածը տեխնիկական խնդիրներ են»,- նշեց Ասատրյանը:

Տեսանյութեր

Լրահոս