Զապորոժեցով գա՞ր. Լևոն Մարտիրոսյանը՝ Կիսելյովի մասին

«Անլուրջ մարդու չենք ընդունել: Մարդ է, իր կարծիքն է արտահայտել, դուք էլ կարող եք ձեր կարծիքն արտահայտել, նա այդքան չի քննարկի: Իսկ թե ինչ մեքենայով է եկել ԱԺ, դա քննարկման խնդիր չի: Զապորոժեցով գա՞ր»,- այսօր հայ-ռուսական միջխորհրդարանական անդամների և լրագրողների հանդիպմանը հայտարարեց հանձնաժողովի անդամ Լևոն Մարտիրոսյանը՝ խորհուրդ տալով այդքան չկարևորել ռուս լրագրող Դմիտրրի Կիսելյովի այցը:

Հիշեցնենք, որ Դմիտրի Կիսելյովը ԱԺ էր եկել Համմերով։

Լ. Մարտիրոսյանը տարակուսանք հայտնեց, թե այդ ինչ տաքսիստի է հանդիպել Կիսելյովը, քանի որ հայ տաքսիստները բավականին զարգացած են. «Կարելի է տաքսիստին գտնել և նկարվել հետը»:

Հանձնաժողովի նախագահ Հերմինե Նաղդալյանը հայտնեց, որ հայ-ռուսական ակումբը գտնվում է ԱԺ շենքում, որին համարժեք ՌԴ պետդումայի շենքում էլ շուտով բացվելու է համանման ակումբ, որտեղ կարող են հանդես գալ հայ լրագրողները. «Պետք է հասկանալ բարեկամ և հակառակորդ երկրներում ինչ են մտածում, ինչ նկրտումներ ունեն: Եթե սա չուսումնասիրենք և չհասկանանք, շատ շուտով բոբիկ ենք մնալու: Կիսելյովը ինչ-որ մի առիթով ՀՀ-ում էր և նաև հանդիպեց մեզ ու ձեզ հետ: 60-ից ավելի հրավիրվածներ կային, նաև ընդդիմության ներկայացուցիչներ, որ չէին եկել: Հակաիշխանականները և անկախները ճնշող մեծամասնություն էին ներկայացնում և կարող էին հակադարձել ու հակադարձել են: Ակումբն ազատ հարթակ է, պաշտոնական սահմանազատում չի դրվել և չի դրվելու»,- ասաց նա՝ չհամաձայնելով, որ տեր ու ծառայի հարաբերոթյուններ են եղել, և շեշտելով, որ հակադաձողներ էլ են եղել:

«Մենք չենք համարում, որ նվաստացուցիչ քաղաքականություն ենք վարել կամ վարում: Դա այն քաղաքականությունն է, որ բխում է ՀՀ շահերից»,- հայտարարեց Նաղդալյանը:

Անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարություններին՝ Նաղդալյանը նշեց, թե ամբողջ պատմությունը մեկ բաժակ ջրում փոթորիկ էր և ընդդիմադիրները փորձեցին հնարավորինս իրենց դիվիդենտները շահել: Իսկ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն իր բանաստեղծությունը, ըստ Նաղդալյանի, հիշել էր ոչ թե Կիսելյովի առիթով, այլ ավելի շուտ՝ ՌԴ-ում էլ արտասանել է այն:

Տեսանյութեր

Լրահոս