«Եթե պատրաստ են իրականացնել, մենք կողջունենք». Ռուբեն Հակոբյանը՝ քառյակի 12 կետերի մասին
ԱԺ այս նստաշրջանի վերջին քառօրյայի թերևս ամենկարևոր հարցը 2013թ. բյուջեի կատարողականն էր, որ քննարկումը, սակայն, ձևական բնույթ էր կրում, քանի որ կառավարությունը հրաժարական տվեց քառյակի ակտիվ պայքարի արդյունքում:
Ինչպես այսօր ԱԺ-ում բիֆինգների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, կառավարությունը մոտ 2 անգամ չէր կատարել տնտեսության աճը նշված ժամանակաշրջանի համար, բայց նոր կառավարությունը գնահատական չտվեց դրան:
Նա համոզմունք հայտնեց, որ եթե նույնիսկ այս կառավարությունը չիրականացնի իր ծրագիրը, հաջորդ կառավարությունը ևս գնահատական չի տա:
«Ծրագրը հավակնոտ չէր, ուղղակի բացակայեց քաղաքական կամքը»,- ասաց Ռ.Հակոբյանը:
Անդրադառնալով քառյակի հայտնի 12-կետանոց պահանջին՝ Ռ.Հակոբյանը նշեց, որ այն ամենատարբեր մեկնաբանություններ ստացավ, բայց, ըստ նրա, շատ հստակ ժամկետ է նշված և արդյունքները շուտով կերևան.
«Եթե պատրաստ են իրականացնել, մենք կողջունենք: Բայց ինձ չի թվում, որ քաղաքական իշխանությունը կամք կդրսևորի, որ իրականացնի 12 կետերը: Համբերենք, աշնանը հանրահավաքում կտանք մեր գնահատականը»:
Հարցին՝ ի վերջո ո՞վ հաղթանակեց՝ իշխանությունը, թե ընդդիմությունը, Ռ.Հակոբյանը պատասխանեց, որ դա միանշանակ չէ.
«Նորմալ գործընթաց է գնում: Այս ընդհանուր զարգացումների մեջ, եթե որևէ մեկը կասկածում է, որ կառավարությունը հրաժարական տվեց ոչ քառյակի շնորհիվ, չի պատկերացնում խոհանոցը:
Քաղաքականությունը հնարավորի արվեստ է և այս պահին այն կաող էր երկնել այն, ինչ ունեցանք: Հաղթող-պարտվողի մասին չի խոսքը, բայց աշնանը ավելի պարզ կլինի, թե ինչ ուղղությամբ կգնանք»: