Բաժիններ՝

Հուլիսի 1-ից 20 տոկոսով կբարձրացվեն «Արցախկապ» ՓԲԸ աշխատակիցների աշխատավարձերը

ԼՂՀ վարչապետը այսօր ներկա է գտնվել «Արցախկապ» փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովին, որի ընթացքում ներկայացվել է 2013թ. կատարված աշխատանքների և կառավարության` 2008թ. հաստատած ծրագրի իրագործման ընթացքի վերաբերյալ հաշվետվություն:

Հաշվետու տարում ընկերությունը հիմնական աշխատանքներն ուղղել է հեռուստահաղորդիչ կայաններում տեղադրված սարքավորումների շահագործմանն ու սպասարկմանը, ինչպես նաև ԼՂՀ ռադիոհեռուստատեսային ծրագրերի հեռարձակման և թվային համակարգի ներդրման իրականացմանը:

2014թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետության տարածքում տեղադրվել և շահագործվում է 43 լրակազմ DVB-S վերահաղորդիչ կայան, բաժանորդային արբանյակային կցորդների քանակը ներկայումս կազմում է 6450 լրակազմ:

Ընկերության գործադիր տնօրենի խոսքով` թվայնացման ծրագիրը կարելի է ավարտել մինչև 2015թ.` ներգրավելով լրացուցիչ 120-130 մլն. դրամ: Այդ գումարը և ընկերության շրջանառու միջոցները թույլ կտան 2014-2015թթ. մի շարք աշխատանքների հետ մեկտեղ հիմնական կայաններում ավարտել թվային DVB-T2 հեռուստահաղորդիչների տեղադրման գործընթացը, սպասարկել ռադիոծածկույթից դուրս գտնվող բնակչությանը, վճարովի բաժանորդների թիվը հասցնել մինչև 8500-ի, թվային հեռուստատեսության բաժանորդներին առաջարկել վճարովի 1-2 փաթեթ ևս և այլն:

Ի տարբերություն որոշ մասնագետների կողմից հնչեցվող թերահավատ կածիքների` ընկերության գործադիր տնօրենը նշել է, որ առկա համակարգը կայուն է և արտաքին ազդեցությանը դիմակայող, հավելելով, որ առաջիկա տարիներին դրա վերանայման անհրաժեշտություն չի լինի:

Կառավարության ղեկավարը ողջունել է գործող համակարգի նոր սերնդի ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Նա մի շարք հանձնարարականներ է տվել ոլորտի պատասխանատուներին` հատկապես կարևորելով հանրապետության ողջ տարածքում տեղական հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ապահովումը և պահանջելով մինչև տարեվերջ սոցիալական փաթեթով բնակչության մի մասին ևս ապահովել կցորդներով:

Վարչապետը հանձնարարել է վերանայել համակարգի աշխատակիցների աշխատավարձերըը, որոնք ներկայումս ցածր են հանրապետական միջինից: Նա առաջարկել է ընթացիկ տարվա հուլիսի 1-ից այն բարձրացել 20 տոկոսով և երեք տարվա ընթացքում հավասարեցնել հանրապետական միջին աշխատավարձին:

Ընդհանուր ժողովի ընթացքում քննարկվել են այլ հարցեր ևս, մասնավորապես, ընդգծել է մասնագետների վերապատրաստման անհրաժեշտությունը, գնահատվել է ընկերության գործադիր մարմնի խնայողաբար ծախսելու աշխատելաոճը:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս