Ճապոնիան Հայաստանին կտրամադրի ոչ ծրագրային դրամաշնորհ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև նախօրեին կնքվել է Ճապոնիայի կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր, որով հայկական կողմին կտրամադրվի 200 մլն յենին (1,93 մլն ԱՄՆ դոլարին) համարժեք՝ Ճապոնիայի փոքր և միջին ձեռնարկությունների արտադրանքը: Այս մասին հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Տիկահիտո Հարադան:

Ստորագրման արարողությունից հետո ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը ընդունել է Ճապոնիայի դեսպան Տիկահիտո Հարադային: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացումը նոր խթան կհաղորդի փոխգործակցության զարգացմանը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև միջազգային ու տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս