Չենք ուզում հախուռն, կոշտ խոսքերով հակադարձել առաջին նախագահին. Գալուստ Սահակյան

«Չարժի ինչ-որ էպիտետներով պատասխանել առաջին նախագահին՝ ոտքերով կապել, ձեռքերով կապել: Դա պատիվ չի բերում մեր քաղաքական կյանքին, իհարկե: Տեսակետ է, առաջին նախագահն է ասել, մեզ համար ընդունելի չի այդ տեսակետը, բայց որ ինքն է ասել, չենք ուզում այսպես հախուռն, կոշտ խոսքերով հակադարձել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի հրապարակման այն միտքը, որ սահմանադրական բարեփոխումները ԲՀԿ-ի ձեռքերը կապելու համար են:

Ըստ նրա՝ քննադատությունը տեղին չէ. «Պարզապես ժամանակներն անցնում են, մարդիկ մտածում են՝ ամեն ինչ մոռացվել է և որևէ տեղ արձանագրված չէ, և մարդիկ չկան, որ կարողանան նաև այդ տեսակետներին հակադարձել հենց այն լեզվով, ինչ լեզվով փորձում է հակադարձել առաջին նախագահը»:

Սահակյանը հերքեց, թե ՀՀ նախագահը, ինքը՝ ԱԺ նախագահը, և վարչապետը տարատեսակ կարծիքներ են հայտնել. «Չեմ կարծում, որ վերլուծության որևէ խնդիր կա: Խոսքը Ղարաբաղի մասին է, իրականում որպես իրավական միավոր Ղարաբաղը ճանաչելու գործիքներից Հայաստանը չի օգտվել և չի օգտվել հատուկ պատճառով, բազմիցս ասել ենք այդ մասին, այդ մասին ասել է նախագահը: Մենք բոլորս՝ ամբողջ թիմը, Ղարաբաղի մեր հոգեարժևորման պարագայում անկախ է, Հայաստան է, այնպես որ չի կարելի այսպես վերլուծել, առավել ևս լրագրողները, կարծում եմ, պետք է նման տիպի մեծ հարցադրումներից խուսափեն, որովհետև այն, ինչ որոշման պատճառ է դառնում, դա բազմաթիվ աշխատանքային քննարկումների արդյունքն է: Ես չեմ կարծում, որ Աստանայում ինչ-որ մի բան է տեղի ունեցել և շրջադարձային ինչ-որ բաներ պետք է հետևեն դրան»:

Դիտարկմանը՝ ՌԴ տնտեսության նախարարը Բաքվում քննարկել է Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի միանալու և Ղարաբաղի հարցը, Գ.Սահակյանը պատասխանեց. «Մենք միշտ մոլորության մեջ ենք, մտածում ենք, թե մեր փոխարեն միշտ ուրիշները պետք է մտածեն: Մեր ցանկացած համագործակցության տրամաբանությունը շահեկան վիճակ ստեղծելն է մեզ համար: Իսկ այն երևույթները, որ թուրքերը ու ադրբեջանցիները մեր թշնամիներն են, որևէ բանակցային պրոցեսներ հնարավոր չի կատարել, կամ ինչպես լիրիկական մոտեցումները՝ ինչ-որ մի պետություն կա, որ պարտավոր է մեզ, նման մոտեցումները ինձ համար ընդունելի չեն: Մենք մեր փոխհարաբերությունները կառուցում ենք այնպես, որ շահեկան իրավիճակ ստեղծվի: Այսօր խոսում ենք Եվրասիական միության հետ, բայց բազմաթիվ միությունների ու կազմակերպությունների մեջ ենք մտած: Այսինքն՝ ՀՀ-ն գնալով ինտեգրվում է աշխարհին: Այսինքն՝ այնպես չէ, որ հենց Ռուսաստանի անունն ենք տալիս, փորձում ենք այստեղից վտանգներ տեսնել: Խնդիրը նա է, որ մեզ համար Ղարաբաղի հարցը օգտագործելի լինել չի կարող»:

Ըստ Գ.Սահակյանի՝ մի կողմից սառը պատերազմ է, մի կողմից ոտնձգություններ կան: ԱԺ նախագահը նշեց, որ ադրբեջանական կողմից կրակոցներից պաշտպանվելու առումով ՀԱՊԿ-ի խնդիրը չկա, որովհետև ՀՀ-ն կարողանում է ինքն իր պաշտպանությունն այդ առումով կազմակերպել:

Տեսանյութեր

Լրահոս