Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ճշգրտել Ղազախստանի հետ երկկողմ պայմանավորվածությունները

«Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով շատ անհանգիստ է, ավելի անհանգիստ, քան սովորաբար: Տեսակետներ կան, որ այդ լարման նոր փուլը կապ ունի Աստանայում տեղի ունեցածի հետ: ՀԱՊԿ շրջանակներում Ղազախստանի հետ միմյանց անվտանգությունն ապահովելու պարտավորություններ ունենք, բայց ստացվում է անպես, որ մեր գործընկերը հայտարարություն է անում, որը լիցք է տալիս մեր զինվորների կյանքը վտանգելու»,- այսօր ԱԺ նիստի սկզբում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա առաջարկեց ԱԺ այս նստաշրջանը սկսել ՀԱՊԿ-ի հետ կապված օրակարգում առկա հարցի քննարկումով, հրավիրել ԱԳ նախարարին, որպեսզի ճշգրտումներ անեն Ղազախստանի հետ երկկողմ պայմանավորվածությունների վերաբերյալ:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը համաձայնեց, որ հարցը հրատապ է և վերլուծման արժանի, սակայն նշեց, որ կանխակալ տեսակետներով արդյունքի չեն հասնի: Սահակյանը նշեց, որ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս նույն հարցով դիմել է և հանձնաժողովը քննարկում կկազմակերպի. «Կփորձենք որոշակիորեն կարծիք կազմել Ձեր ասած խնդիրը պարզաբանելու համար»:

Ն.Զոհրաբյանը հայտարարեց, որ դեռ մայիսի 29-ին նամակով դիմել է ԱԳ նախարարին, բայց Էդուարդ Նալբանդյանը մինչ օրս հարկ չի համարել պատասխանել:

Գ.Սահակյանը կրկնեց, որ լսումներ կկազմակերպեն և հնարավորինս կլուծվի այդ խնդիրը:

Տեսանյութեր

Լրահոս