Տեր-Թադևոսյան․ «Հայկական ուժերը պատրաստվում են շոշափելի հարվածներ հասցնել». «Ազատություն»

Հայկական ուժերը պատրաստվում են շոշափելի հարվածներ հասցնել ադրբեջանական կողմին, և այդ ուղղությամբ նախապատրաստություններն ընթացքի մեջ են: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց պաշտոնաթող գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ նշելով, թե «ինքը նման տեղեկություններ ունի»:

Հիշեցնենք՝ հունիսի 5-ին Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կրակոցից սպանվեցին հայկական բանակի պայմանագրային երկու զինծառայողներ՝ Արարատի զինկոմիսարիատից զորակոչված 26-ամյա Անդրանիկ Եղոյանն ու 22-ամյա Բորիս Գասպարյանը: Տեղի ունեցածը լայն արձագանք ստացավ հանրությունում: «Իրավիճակի սրումը հղի է Ադրբեջանի համար ծանր հետևանքներ ունենալու հավանականությամբ», – ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հունիսի 6-ին կայացած հանդիպմանը հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Եթե մերոնք առաջիկայում պատասխան հարվածներ չհասցնեն, ադրբեջանցիները կհամարեն, որ մենք թուլացել ենք: Պետք է միայն հարվածներ հասցնել, ընդ որում՝ շոշափելի հարվածներ: Ես ոչ միայն սպասում եմ, այլև գիտեմ, որ նման հարված նախապատրաստվում է», – «Ազատության» հետ զրույցում ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:

Լեռնային Ղարաբաղի բարձրագույն՝ «Արցախի հերոս» կոչմանն արժանացած գեներալի խոսքով, Ռուսաստանից սպառազինություն գնելով ու սահմանին նման քայլերի դիմելով՝ Ադրբեջանը նպատակ ունի ճնշում գործադրել Հայաստանի և միջազգային միջնորդների վրա, որպեսզի բանակցային գործընթացում հնարավորինս ընդառաջ գնան Բաքվի ցանկություններին:

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս