«16 տարեկան էի, երբ պարզեցի, որ հղի եմ». դեռահասների հղիությունը հաճախ ավարտվում է աբորտով. medialab.am
«16 տարեկան էի, երբ պարզեցի, որ հղի եմ: Սկզբում չգիտեի՝ ի´նչ անել, չէի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ դա ինձ հետ է եղել, չէի կարողանում քնել, գիշեր-ցերեկ մտածում էի: Չէր հետաքրքրում՝ ի´նչ կլինի, երբ մայրս իմանա, երբ բոլորը իմանան, միայն մի բան էր պտտվում գլխումս. ես հիմա չեմ կարող երեխա ունենալ»,- ըստ medialab.am-ի՝ հիշում է արդեն 18-ամյա Մարի Սարգսյանը:
Հղիության մասին առաջինն ընկերոջը պատմեց` օգնության ու մեղքի իր բաժինը կիսած լինելու հույսով, բայց տղան նորությունն իմանալուց ու աղջկան մեղադրելուց հետո վերջնականապես խզեց կապերը ու Սարգսյանին մենակ թողեց.
«Մենք մի հարևանուհի ունենինք` ազատ վարքի տեր, որի հետ արգելված էր շփվել ոչ միայն ինձ, այլև շենքի մյուս ընկերուհիներիս, բայց բոլորս էլ միշտ հետևում էինք նրան, հիանում նրա հագուկապով, ազատությամբ»:
Սարգսյանը դիմեց ավելի փորձառու ու գիտակ հարևանուհուն և նրա բժշկի օգնությամբ ազատվեց երեխայից:
ՄԱԿ-ի իրականացրած հետազոտության համաձայն՝ Հայաստանում սեռական կյանք սկսելու տարիքն իջել է և բարձրացել է ամուսնության և առաջին երեխա ունենալու տարիքը:
«Սա նաև ցույց է տալիս, որ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք երիտասարդների շրջանում վերարտադրողական առողջության ճիշտ դաստիարակությանը, քանի որ ռիսկային տարիքը ավելանում է»,- ասում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Բժիշկները ևս փաստում են երիտասարդների` վաղ սեռական կյանքին անցնելու միտումի մասին:
«Հայաստանում նման բան չկար, 13-14 տարեկան աղջիկներն արդեն սեռական կյանքով են ապրում»,- ասում է գինեկոլոգ Իրինա Ազարյանը:
Այս տեսանկյունից, ըստ հոգեբան Արմինե Վարդանյանի, մեր հասարակությունը մի տեսակ մարգինալ վիճակում է գտնվում. ո´չ ազատ է, ո´չ էլ հստակ հայկական- ավանդական` արժևորված ու պահպանված.
«Տասնամյակներ առաջ աղջիկները կվախենային այդ քայլին դիմելուց, որովհետև ոչ միայն ծնողները, այլև հենց միջավայրը իրենց չէր ընդունի: Հիմա նրանք ավելի ազատ են այդ հարցում, որովհետև դա ինչ-որ շրջանակներում ընդունելի է, նույնիսկ գովելի է ու մոդա»:
Այն սերունդը, որ հիմա դաստիարակում է այսօրվա երիտասարդներին, ապրել է մի ժամանակաշրջանում, երբ սեռական կյանքի թեման փակ էր և ամոթ, հետևաբար այժմ էլ իրենց համար` որպես ծնողների, դրա մասին խոսելն ընդունելի չէ:
«Նման պարագայում երիտասարդը վերցնում է գիտելիքը դրսում, փողոցում, ինտերնետից, վերցնում է այն գիտելիքը, որն իրեն հարմար է և մարսում իր ուզած ձևով,- բացատրում է հոգեբանը՝ ընդգծելով, որ այսօր նորմայի և պաթոլոգիայի սահմանը վերացել է: – Չկան կոնկրետ լուծումներ` ո´րն է ճիշտ դեռահասի համար՝ երեխա՞ն ունենալ, թե՞ աբորտ անել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



