Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է իր աղմուկ հանած հայտարարությունը. «Իրականում մենք որևէ մեկի կարիքը չունենք»
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է ներկայացրել իր երեկվա հայտարարության առթիվ, որտեղ նշել էր՝ «այն մարդիկ ովքեր ցանկանում են կանգնել սահմանին թող դիմեն մեզ»:
Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է.
«Երեկվա իմ գրառումը բուռն քննարկումների ու տեսակետների հիմք է դարձել: Իհարկե, ոգեւորիչ է, որ մեր հասարակությունը այսքան ուշադիր է ու ակտիվ հայրենիքի պաշտպանության գործին: Սակայն մի քանի նկատառում
երեկվա հետգրության ընկալման առումով.
1. Դա ընկավել է ուղղակի հրավեր, մինչդեռ դրա հրավերի հետ ոչ մի կապ չունի. խոսքն այն մասին է, որ մարդիկ, ովքեր ցանկացած այսպիսի դեպքից հետո աղմուկ են բարձրացնում, քննադատություններ անում, իրականում այդ հոխորտացողներից գրեթե ոչ ոք իրական պատրաստակամություն չի հայտնում:
2. Իրականում մենք որեւէ մեկի կարիքը չունենք: Ոչ մեկ անգամ է ասվել եւ ավելորդ չեմ համարում նորից ասել. ՊՆ են դիմում հազարավոր նվիրյալներ, իրական նվիրյալներ ` անկախ այդ դիվերսիաներից ու զոհերից: Սակայն մենք նրանց մերժում ենք, քանի որ դրա կարիքը չկա, եւ բանակը իր առջեւ դրված խնդիրը կատարում է:
3. Ավելորդ չեմ համարում նշել, որ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը Կասպրշիկին հորդորել է իր լիազորությունների շրջանակներում գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ, քանի որ ձեւավորված օպերատիվ միջավայրում իրավիճակի ընթացիկ սրումը հղի է ադրբեջանական կողմի համար ծանր հետեւանքներ ունենալու հավանականությամբ:
4. Պարզ է, որ դուք ավելին եք պահանջելու եւ դա շատ լավ է, սակայն պետք չէ մոռանալ, որ մեզ մոտ պատերազմը չի դադարել: Եվ այս քսան տարիների ընթացքում բանակի` իր խնդիրը կատարելու շնորհիվ է, որ պատերազմը դուք չեք զգում ձեր տանն ու բակում: Բանակի կատարած քայլերը ամեն անգամ չէ որ հեշտությամբ նկատելի ու ընկալելի են:
5. Դարձյալ շնորհակալություն անհանգստության ու պահանջկոտության համար: Վստահ եղեք, որ պաշտպանության գործն իրականում կատարողը հաստատ կրկնակի է զգում պաշտպանությունը ավելի լավը դարձնելու կարեւորությունը:
6. Մեր անվտանգության ապահովողը մնում ենք մենք եւ մեր ԶՈւ-երը, բոլոր տեսանելի քայլերը, որոնք երբեմն դուք քննադատում եք անհրաժեշտություն են, սակայն դրանք չեն փոխարինում զենքին ու զորքին, միայն լրացնում են»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հիշյալ հայտարարության առթիվ, մասնավորապես, «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը նշել էր հետեւյալը.
«Այս հայտարարությունից բոլորովին լավ հոտ չի գալիս՝ խուճապ առաջացնելուց բացի: Հարգելի ՊՆ, ի՞նչ խղճով եք անում նման հայտարարություն, երբ ազատամարտիկները, ի դեմս Վոլոդյա Ավետիսյանի, հալածվում են անհեթեթ մեղադրանքով, երբ ազատամարտիկներն ունեն ծանրագույն սոցիալական խնդիրներ, երբ իսկական ազատամարտիկների փոխարեն բնակարաններ են ստացել պատահական մարդիկ, նրանց հարցերն արդարացի չեն լուծվել եւ այսպես շարունակ:
Միթե չգիտեիք, որ պատերազմն ավարտված չէ եւ գալու է մի ժամանակ, երբ նորից եք նրանց օգնությանը դիմելու: Վստահությունը պետական իշխանության եւ Ձեր կառույցի նկատմամբ վատնել եք անողոքաբար, մինչեւ վերջ ու այսօր կոչ եք անում պաշտպանե՞լ մեր երկրի սահմանները; Ես մազաչափ չեմ կասկածում, որ մեր անկաշառ, չծախվող եւ հայրենասեր տղաներն այսօր էլ են պատրաստ պաշտպանելու մեր հայրենիքը, բայց երաշխիքներ տվեք, որ Աստված մի՛ արասցե, իրենց հետ մի բան պատահի, դուք տեր եք կանգնելու իրենց ընտանիքներին ու երեխաներին»:



