Գալուստ Սահակյանին պատկանող երթուղու վարորդների համար կտրուկ բարձրացրել են «գծի փողը». ՀԺ
«Երեկ ամբողջ օրը Երեւանում ներքաղաքային ուղեւորափոխադրումներ իրականացնող 57 համարի երթուղայինը չէր գործում: Լուրեր էին շրջանառվում, որ երթուղայինի «պլանը», որը վարորդների կողմից ամեն օր վճարվում է գծատիրոջը, կտրուկ բարձրացել է, ինչից դժգոհելով` վարորդները բունտ են արել` որոշելով դուրս չգալ երթուղի»,- գրում է «Հայկական Ժամանկ» թերթը՝ ավելացնելով.
«57 համարի երթուղայինը, ըստ տեղեկությունների, կապվում է Գալուստ Սահակյանի ընտանիքի անվան հետ: Դեպի Աջափնյակ ուղեւորափոխադրումներ կատարող այլ համարի երթուղայինների վարորդները եւս երեկ մեր թղթակցի հետ զրույցում այս երթուղու մասին խոսելիս օգտագործել էին «Գալուստի գիծ» արտահայտությունը:
Այնինչ` երբ անցյալ տարի Գալուստ Սահակյանին հարցրել էին իր՝ գծատեր լինելու մասին, նա պատասխանել էր. «Ես գիծ ունեմ, բայց քաղաքական: Կա հայտարարագրեր, բացեք, նայեք, չեք հավատում, մի հավատացեք»,- ասել էր ԱԺ նախագահը:
Ի դեպ, 57 համարի երթուղով ուղեւորափոխադրումներ կատարող «Արդինի ստուդիա» ՍՊԸ-ն կառավարության էլեկտրոնային ռեգիստրում գրանցված է Արման Սահակյանի անունով: Գալուստ Սահակյանի որդին էլ է Արման Սահակյանը, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետը, չնայած` պետռեգիստրի կայքում Արման Սահակյանի հայրանունը նշված չէ: Երեկ մեր թղթակիցն այցելել է երթուղայինի վերջնականգառ՝ 16-րդ թաղամաս: 57 համարի երթուղայինները «շարքով-կարգով» կանգնած են եղել:
Ավտոպարկի մոտ, սակայն, մեր թղթակցին արգելել են նկարահանումներ կատարել` պատճառաբանությամբ, որ տարածքը սեփական է, ու չի կարելի:
Այնուամենայնիվ, ընկերության տնօրինությունից հեռավորության վրա, գրեթե գոռալով` պատասխանել են մեր թղթակցի մի քանի հարցերին: Թղթակցի հնարավորինս բարձր հնչեցրած հարցին, թե ինչո՞ւ ամբողջ օրը երթուղայինները ուղեւորափոխադրումներ չեն իրականացրել, դարպասի այն կողմից պատասխանել են. «Տեխնիկական ստուգում են անցնում: Վաղվանից (այսօրվանից) նորմալ կաշխատեն, ոչ մի խնդիր չկա:
«Պլանի» հետ էլ կապված խնդիր չկա»: Հարցին, թե Գալուստ Սահակյանի ընտանիքի՞ն է պատկանում ընկերությունը, խորհրդավոր անծանոթը, ով հրաժարվել է ներկայանալ, միայն նշելով, որ պատասխանատու անձ է եւ իրավասու է լրագրողի հետ խոսել, այսպես է պատասխանել.
«Ես կարամ 5000 տոկոսով ասեմ, որ Գալուստ Սահակյանը մեր հետ կապ չունի: Չկա նման բան»:
Դիտարկմանը, որ հենց վարորդներն են այդ տեղեկությունները տարածել, Գալուստ Սահակյանի հետ 5000 տոկոսով կապ չունեցող ընկերության պատասխանատուն արձագանքել է. «Վարորդները գլուխները պատովն են տվել: Վաղվանից մենք նորմալ կաշխատենք, խնդիրներ չկան»:
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։



