Բակո Սահակյանը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին 2014թ. հացահատիկային մշակաբույսերի անվտանգ բերքահավաքը եւ հրդեհավտանգ ժամանակահատվածում առաջացող հրդեհների դեմ պայքարը արդյունավետ կազմակերպելու նպատակով իրականացվող միջոցառումներին եւ 2013 թվականի եւ 2014թ. առաջին եռամսյակի ԼՂՀ ժողովրդագրական ցուցանիշներին վերաբերող հարցեր:
Համատասխան զեկույցներով եւ ելույթներով հանդես են եկել վարչապետ Արա Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել կառավարությանը եւ շահագրգիռ մարմիններին` քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
Բերքահավաքն արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով Նախագահ Սահակյանը կառավարությանը հանձնարարել է մինչեւ 2014թ. հունիսի 15-ը հանրապետության գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ ձեւավորել օպերատիվ շտաբ:
Կառավարությունը նաեւ հանձնարարական է ստացել շահագրգիռ մարմինների ներգրավմամբ հանգամանորեն ու խորությամբ քննության առնել ժողովրդագրությանը վերաբերող հարցերը, անհրաժեշտության դեպքում լրամշակել ԼՂՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների ծրագրի նախագիծը եւ այն ներկայացնել ԼՂՀ Նախագահին: