Գազի գինը կբարձրանա հաջորդ տարի
Ռուսաստանից ՀՀ ներկրվող գազի գնի բարձրացումը փոխկապակցված է ՌԴ Օրենբուրգի մարզում գազի գնի փոփոխության հետ: Սակայն, ինչպես այսօր կայացած ասուլիսում տեղեկացրեց ԵՊՏՀ դոցենտ, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը, գազի թանկացում Օրենբուրգում սպասվում է հուլիսի 1-ից՝ մոտ 4.2%-ով:
Ըստ նրա՝ դա կանդրադառնա ՀՀ-ում գազի բազիսային գնի վրա:
«Մյուս տարի բազիսային գնի փոփոխություն է սպասվում և բարրձացում կլինի՝ 189 դոլարի հետ կապված: Իսկ թե ինչ կլինի հայ սպառողների համար, դա կախված կլինի «Արմռուսգազպրոմից»»,- ասաց Եղիազարյանը՝ դժվարանալով նշել, թե այս տարվա առաջին եռամսյակում ի՞նչ փոփոխություն է եղել:
Նա նշեց, որ ՀՀ-ից ավելի վաղ գազի շուրջ համանման պայմանագիր կնքվել է Բելառուսի հետ, որի համակարգը դարձել է «Գազպրոմի» սեփականությունը՝ 170 դոլար/խմ գնով գազի դիմաց.
«Այդ պայմանագրերը ոչ թե կապված են ՄՄ անդամ դառնալու հանգամանքի հետ, այլ երկրներին առաջարկվում է միջպետական համաձայնություն և «Գազպրոմի» հետ կնքված պայմանագրեր:
Այսինքն, մեզնից բացի էներգետիկ անվտանգությունը կորցրել է նաև Բելառուսը»,- ասաց Ա.Եղիազարյանը:
Ամեն դեպքում, ըստ Եղիազարյանի, ՀՀ-ում գազի գնի մեծ մարժա գոյություն ունի, և դրա հաշվին կարելի է այնպես անել, որ ՀՀ բնակչությունը չզգա թանկացումը: