Մահացած ծնված երեխայի հարազատները ծեծել են Գյումրու ծննդատան աշխատողներին. news.am
Հունիսի 1-ին Գյումրու «Ծննդատուն» ՓԲԸ-ում ծեծկռտուք է տեղի ունեցել՝ ծննդատան ղեկավարների ու ծննդկան Նարինե Ղուկասյանի հարազատների միջեւ։ Այս մասին NEWS.am-ին ասաց ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը:
Տնօրենի պատմելով՝ գյումրեցի ծննդկան 22-ամյա Նարիե Ղուկասյանի առաջնեկ տղան ծննդաբերության ժամանակ մահացել է։ Հարազատները, ծնարանում իմանալով երեխայի մահվան լուրը, վիճաբանել են ծնունդն ընդունող բժիշկի ու քույրերի հետ:
Տնօրեն Վարդան Սարգսյանի խոսքով՝ ծննդկանի սկեսրայրն առանց իմանալու, թե ինչն է եղել երեխայի մահվան պատճառը, գոռգոռացել, հայհոյել ու փորձել է հարվածել ծնունդն ընդունող բժկուհուն ՝ Լիլիա Պողոսյանին, հետո էլ հարվածել է իրեն՝ Վարդան Սարգսյանին:
«Սկեսրայրն առանց լսելու բժիշկների բացատրությունը, հարձակվեց մեզ վրա, նա բուժքույրերին էր հայհոյում, հասավ, որ խփի, բռնեցին, խուլիգանական վերջին խոսքերն էր շպրտում, ինձ հարվածեց, բայց ես նրան չպատասխանեցի նույն կերպ, չի կարելի նման բան թույլ տալ հիվանդանոցում»,- ասաց Վարդան Սարգսյանը։
Բժշկի խոսքով՝ ծննդկան Նարինե Ղուկասյանը դեռ մայիսի 31-ին է դիմել ծննդատուն, բարձր ջերմություն է ունեցել, մնացել է բժիշկների հսկողության տակ, հունիս 1-ի լույս առավոտյան արդեն տարել են ծնարան, ծննդաբերելիս նրա մոտ նկատվել է պտղաջրերի պղտորություն՝ ինֆեկցիայի հետքերով՝ թարախային բշտիկներով, երեխան էլ ծնվել է արդեն մահացած ու որոշակի բարդություններով:
«Երբ նրան տարանք ծնարան , ծննդաբերելու պահին պտղաջրերն արդեն կեղտոտված էին, երեխան էլ ծնվեց՝ պորտալարը վզին փաթաթված, այնպես որ բժշկության մեջ նման երեւույթները լինում են մահվան ելքով»,- NEWS.am-ին ասաց Ծնունդօգնության ղեկավար Լիլիա Պողոսյանը:
Մանրամասներն՝ այստեղ