Գառնիկ Իսագուլյան. Մեր պետական այրերը պետք է հետ կանչեն արձանագրությունները խորհրդարանից և չեղյալ համարեն ՀՀ-ի ստորագրությունը

«100-ամյակի շեմին անպայման թուրքերը փորձելու են տարբեր միջոցներով կանխել այն ճնշումը, որը գործադրվելու է Թուրքիայի վրա, կամ` ընդհանրապես, ցեղասպանության խնդի նկատմամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը` խոսելով հայ-թուրքական հարաբերությունների եւ Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանի վերջին հայտարարությունների մասին:

Գ. Իսագուլյանը նշեց, որ շատ ցավալի է, որ այս պարագայում դեռևս օրակարգի վրա մնում են հայ-թուրքական արձանագրությունները. «Ես վստահ եմ, որ շատ շուտով թուրքերը փորձելու են նորից այդ խնդիրը դարձնել օրակարգի խնդիր, մտցնել խորհրդարան, խորհրադարանում կա, բայց այդ հարցը դարձնել քննարկման առարկա, որով նորից փորձելու են տպավորություն ստեղծել, որ Հայաստանի և Թուրքիայի մեջ ընթանում են բավականին լուրջ գործընթացներ: Այդ իսկ առումով կարիք չկա, որ որևէ մեկը միջամտի եւ խանգարի այդ հարաբերությունների զարգացմանը: Էրդողանի հայտարարությունները բացառապես միտված էին դրան»:

Ըստ նրա` այդ հայտարարությունների մեջ առանձնահատուկ, մեզ համար ընդունելի, ընկալելի, կամ գովելի ոչինչ չկա. «Բայց տեսեք, որ բավականին աշխուժություն է առաջացել, և, հատկապես, արտաքին աշխարհը, կարծես, դրան վերաբերվում է, որ Էրդողանը շատ կարևոր հայտարարություն կատարեց, և այդ հայտարարության համատեքստում, հնարավոր է, որ նույնիսկ Թուրքիան ցեղասպանության խնդիրը բերի օրակարգ և դարձնի քննարկման առարկա: Հավատացեք, որ նման բան տեղի չի ունենալու: Վաղը-մյուս օրը այն ակտիվությունը, որը կցուցաբերի Թուրքիան՝ կապված հայ-թուրքական արձանագրությունների հետ, դարձյալ միտված է լինելու բացառապես այս խնդրին, որպեսզի արտաքին ճնշումը Թուրքիայի վրա նվազեցվի»:

Գ. Իսագուլյանի համոզմամբ` եթե մեր քաղաքական այրերը գոնե մի քիչ մտածում են այդ ուղղությամբ, առանց այլեւս որևէ ժամկետ նշելու ուղղակի պետք է հետ կանչեն արձանագրությունները խորհրդարանից և Հայաստանի ստորագրությունը չեղյալ համարեն. «Սա, կարծում եմ, լավագույն քայլը կլինի: Բնականաբար, ճնշումները կլինեն նաեւ այդ պարագայում Հայաստանի վրա, հատակապես Արևմուտքի կողմից, այն պետությունների կողմից, որոնք նախաձեռնել էին այդ արձանագրությունների ստորագրությունը: Բայց, կարծում եմ, այստեղ Հայաստանը, շատ ծանրակշիռ փաստարկներ ունի, կարող է միանաշանակ ասել, որ այդ խնդիրը իր համար օրակարգում թողնելը նույնն է, թե աշխատել ի վնաս Հայաստանի»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս