Լեյլա ու Արիֆ Յունուսները ցանկացել են վերջնականապես լքել երկիրը. Ադրբեջանի Գլխավոր դատախազություն
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունն ապրիլի 29-ին երեկոյան հայտարարություն է տարածել՝ կապված դրա նախօրեին Բաքվի օդանավակայանում Արիֆ ու Լեյլա Յունուսների ձերբակալման հետ:
Գլխավոր դատախազությունը դա պատճառաբանել է քրեական կոնկրետ գործով նրանց կողմից ցուցմունքներ տալու անհրաժեշտությամբ: Դատախազությունը, սակայն, չի նշել, թե քրեական որ գործի մասին է խոսքը: Հաղորդագրության մեջ նշված է, որ չնայած անձնական իրազեկումներին ու հեռախոսային կանչերին Լեյլան ու Արիֆը շարունակ խույս են տվել հետաքննությունից:
Դատախազությունը նաև հայտարարել է, որ Արիֆ Յունուսն առողջական խնդիրների պատճառով հոսպիտալացվել է ապրիլի 25-ին, և թեև ապրիլի 28-ին նրան դուրս են գրել հիվանդանոցից՝ նա չի ներկայացել ցուցմունքներ տալու և փոխարենը փորձել է բանկերից մեկում իր հաշվեհամարից հանել խոշոր գումարներ: Դատախազությունն ընդգծել է, որ Լեյլա ու Արիֆ Յունուսները ցանկացել են վերջնականապես լքել Ադրբեջանը: