Իրաքում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքում այսօր անցկացվում են խորհրդարանական (Ներկայացուցիչների խորհրդի պատգամավորների) ընտրություններ: 2011 թվականի դեկտեմբերին երկրից ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո սա առաջին խորհրդարանական ընտրություններն են Իրաքում:
Ընդհանուր առմամբ, բացվել է ավելի քան 48.000 ընտրատեղամաս: Իրաքում քվեարկելու իրավունք ունի 20 միլիոն մարդ: Իրաքի անկախ բարձրագույն ընտրական հանձնաժողովի տվյալներով 276 քաղաքական կուսակցություններից ու կազմակերպություններից առաջադրվել է 9039 թեկնածու, կան նաև ինքնաառաջադրվածներ:
18 նահանգից պետք է ընտրվի 320 պատգամավոր, ևս 8 տեղ է հատկացվում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին (քրիստոնյաներին՝ 5): Մանդատների առնվազն մեկ քառորդը (82 մանդատ) նախատեսված է կանանց համար: Այսօրվա ընտրություններն իսկական փորձություն կհանդիսանան Իրաքի ուժային բոլոր կառույցների համար: