Էրդողանը զգուշացրել է Գերմանիայի նախագահին՝ կապված Թուրքիայի ներքին գործերին միջամտելու հետ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր կուսակիցների հետ այսօրվա հանդիպման ժամանակ քննադատել է Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկին՝ կապված նրա կողմից Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանում (ODTÜ) նախօրեին արած հայտարարությունների հետ:

Գերմանիայի նախագահը մասնավորապես քննադատել էր Թուրքիայի դատական բարեփոխումները, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) լիազորություններն ընդլայնող օրենքը, մտահոգություն էր հայտնել Թուրքիայում խոսքի ազատությունների շուրջ տիրող իրավիճակի կապակցությամբ և ընդգծել էր նախորդ տարվա ամռանը «Գեզի» այգում համար անցկացված բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից անհամաչափ ուժ կիրառելը.

«Երեկ մենք երկու ժամանոց բաց զրույց ունեցանք Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի հետ, ինչից հետո նա գնաց համալսարան և տաօրինակ բաների մասին խոսեց այնտեղ: Մենք չենք կարող թույլ տալ, որ միջամտեն մեր ներքին գործերին:

Նա պետք է իրեն պահի այնպես, ինչպես որ պահանջում է պետական գործչի կարգավիճակը: Մինչդեռ նա իրեն դեռևս ընկալում է որպես քարոզիչ: Նա նախկինում էլ էր քարոզիչ, սակայն այսպես այլևս չի կարելի»: Էրդողանը հավելել է, որ անձամբ է Գերմանիայի նախագահին հայտնել Թուրքիայի ներքին գործերին չմիջամտելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս