Հայաստանին Մինսկի գագաթաժողովից դուրս են թողել որպես պատիժ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանն այսօր չի մասնակցի Մինսկում կայանալիք Մաքսային միության գագաթնաժողովին:
Այդ մասին հայտնի է դարձել երեկ: Մինչև այդ ոչ միայն տեղեկություններ էին հրապարակվում Հայաստանի մասնակցության մասին, այլ նաև հայտարարություններ էին եղել, որ Հայաստանը կստորագրի Մաքսային միությանն անդամակցելու պայմանագիրը:
Սակայն հետո էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարեց, որ ինքն է այդ թյուրիմացության պատճառը և հերքեց, որ նման բան կստորագրվի` ասելով, որ Հայաստանը ՄՄ-ին գուցե և չմիանա, այլ միանգամից մայիս-հունիսին միանա Եվրասիական միությանը:
Սակայն, այնուամենայնիվ, Ռուսաստանի փոխվարչապետ Շուվալովը հայտարարել էր, որ ապրիլի 29-ին Մինսկում կքննվի Հայաստանի «ճանապարհային քարտեզի» ընթացքը, և միգուցե կլինեն պայմանավորվածություններ հետագա անելիքի կապակցությամբ: Եվ ահա պարզվում է, որ Սերժ Սարգսյանը Մինսկ չի մեկնի:
Ըստ որում` հետաքրքրական է, որ մի քանի օր առաջ Մինսկ էին հրավիրել Էդվարդ Նալբանդյանին, որը ապրիլի 21-ին Մինսկ գնալուց առաջ ապրիլի 19-ին Մոսկվայում հանդիպում ունեցավ Լավրովի հետ:
Ամենայն հավանականությամբ այդ հանդիպումների արդյունքում էլ դուրս է եկել Հայաստանի մասնակցության հարցը օրակարգից:
Չպետք է բացառել նաև, որ Հայաստանին դուրս են թողել, այսպես ասած, որպես պատիժ` այն բանի համար, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 24-25-ին Պրահայում մասնակցեց Եվրամիության Արևելյան գործընկերության հոբելյանական գագաթնաժողովին և հայտարարեց եվրոպական արժեքներին հավատարիմ քաղաքականության և բարեփոխումների մասին:
Իհարկե, մի կողմից սա կարող է դրական դիտվել, որ Հայաստանի աղետալի անդամակցությունը ձգձգվում է, մյուս կողմից, սակայն, ըստ էության այս ամենը տեղի է ունենում անկախ Հայաստանի կամքից, հետևաբար ոգևորվելը, մեղմ ասած, տեղին չի լինի, որովհետև Հայաստանը շարունակում է որոշումների կայացման մեխանիզմի հանդեպ մնալ առ ոչինչ, ինչը ամենագլխավորն է»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։