Բաժիններ՝

Տևական արձակուրդը ոչնչով լավը չէ կարճաժամկետ արձակուրդից. Helsingin Sanomat

Ֆիննական Helsingin Sanomat պարբերականում հրապարակվել է Հաննա Հյուվյարինենի «Տևական արձակուրդը ոչնչով լավը չէ կարճաժամկետ արձակուրդից» խորագրով հոդվածը, որում նշված է.

«Ամառային արձակուրդը մշտապես բոլորի ուղեղներում է: Ինչ-որ մեկը դրան սպասում է մեկ տարի, անցկացնում է իր կյանքի լավագույն չորս շաբաթները, իսկ հետո վերադառնում է աշխատանքի, որպեսզի սկսի սպասել հաջորդ տարվան: Մարդիկ մեծապես հավատում են, որ որքան երկարաժամկետ է արձակուրդը, այնքան ավելի արդյունավետ է այն:

Շարունակ կոչեր են արվում առնվազն երեք շաբաթ տևողությամբ արձակուրդի գնալու անհրաժեշտության մասին, քանի որ առաջին շաբաթը անցնում է «շունչ քաշելու» վրա, իսկ վերջինը` աշխատանքին վերադառնալու նախապատրաստության վրա:

Սակայն վերջին շրջանում գնալով սկսել են ավելի շատ խոսել այն մասին, որ դա այդպես չէ: Ոչ վաղ անցյալում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ մի քանի օր տևողությամբ արձակուրդը բավական է հանգստանալու համար:

Էլ ավելի էական է այն դիտարկումը, որ արձակուրդի օգտակար ազդեցությունն աշխատանքի վերադառնալուց հետո մարում է մեկ շաբաթվա ընթացքում` անկախ նրանից, թե մարդը որքան է հանգստացել` մեկ շաբաթ, թե մեկ ամիս:

Թերևս ավելի լավ է մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ մի քանի օրով արձակուրդի գնալը, քան` մեկ անգամ տևական ժամկետով արձակուրդի գնալը: Այդ մասին են վկայել Տամպերեի համալսարանի հետազոտական խմբի անցկացրած հետազոտության արդյունքները:

Հետազոտությունն առնչվել է 15-34 օր տևողությամբ ձմեռային ու ամառային արձակուրդներին: Հանգստացողներին առաջարկել են պատասխանել են մինչև արձակուրդը, արձակուրդի ընթացքում և արձակուրդից հետո իրենց վիճակի մասին հարցերին:

Հարցերն առնչվել են քնի, տրամադրության, հոգնածության, լարվածության, ապրած օրվա կապակցությամբ գոհունակության, ինչպես նաև անձնական առողջության սուբյեկտիվ զգացողությունների բնույթին ու որակին:

Պարզ է դարձել, որ բարելավման բոլոր դեպքերը գրանցվել են արձակուրդի ամենասկզբում: Հարցվածները հայտնել են, որ իրենց հաջողվել է հանգստանալ եթե ոչ առաջին օրը, ապա գոնե առաջին 2-4 օրերում: Նրանք զգացել են ուժերի զգալի վերականգնում և ընդհանուր ինքնազգացողության բարելավում:

Միջին հաշվով լավ վիճակի գագաթնակետը գրանցվել է արձակուրդի 8-րդ օրը: Այդ ընթացքում վերջնականապես մոռացության է մատնվում ամենօրյա աշխատանքը և տիրում է արձակուրդային տրամադրություն:

Ոմանք հայտնել են, որ արձակուրդային տրամադրությունը չքացել է աշխատանքային առաջին իսկ օրը, իսկ մյուսների մոտ դրա էֆեկտը տևել է 2-4 շաբաթ, ընդ որում, այդ արդյունքը կախված չի եղել արձակուրդի տևողությունից:

Տևական ժամկետով արձակուրդը չի հանգեցնում առավել կայուն կամ առավել տևական էֆեկտի առաջացմանը, քան կարճաժամկետ արձակուրդի պարագայում է: Սխալ է տարածում գտած այն կարծիքը, թե նախ անհրաժեշտ է հասնել կիսամեռ վիճակի, իսկ հետո` վայելել միակ արձակուրդը:

Միակ, տևական ամառային արձակուրդն ունի իր ռիսկերը: Արձակուրդը կարող է անհաջող լինել ցանկացած պատճառով: Օրինակ, հիվանդության պատճառով: Եթե լինեն ավելի շատ կարճաժամկետ արձակուրդներ, ապա դրանցից գոնե մեկը կլինի հաջող:

Կարճաժամկետ արձակուրդն ունի իր այն առավելությունը, որ դրա նախապատրաստությունը չի պահանջում լուրջ ջանքեր` ի տարբերություն երկարաժամկետ արձակուրդի:

Կան ուղիղ ապացույցներ, որ կանայք արձակուրդի գնալուց առաջ ավելի շատ են անհանգստանում, քան` տղամարդիկ, քանի որ պետք է մինչ այդ հասցնել ամեն ինչ, անհրաժեշտ է կազմակերպել ամեն բան, հաշվի առնել ամեն ինչ:

Արձակուրդը հանգեցնում է կրկնակի ծանրաբեռնվածության: Իսկ եթե արձակուրդը երկար չի տևում, ապա այն պահանջում է ավելի փոքր կազմակերպչական աշխատանքներ, սթրեսը նույնպես մեծ չի լինում:

Բացի այդ, կարճաժամկետ արձակուրդից վերադառնալուց հետո ավելի քիչ աշխատանքներ են սպասվում էլեկտրոնային փոստում, ինչպես նաև աշխատանքին անցնելն ավելի հեշտ է ստացվում` իմանալով, որ հաջորդ արձակուրդին մնում է ավելի փոքր ժամանակ, քան մի ամբողջ տարին է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս