Արթուր Բաղդասարյան. «Եթե ես պահանջեմ Սերժ Սարգսյանի հրաժարականը, դա իմ կողմից կլինի ոչ բարոյական քայլ»

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն, այսօրվա ասուլիսում խոսելով իշխող կոալիցիայից իր կուսակցության դուրս գալու դրդապատճառների մասին, մասնավորապես հիշատակեց իշխանության նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները: Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, և արդյոք Սերժ Սարգսյանը չի՞ ուզում փոխել Սահմանադրությունը և խորհրդարական կառավարման համակարգին անցնելուց հետո դառնալ Ազգային ժողովի նախագահ և այդպես վերարտադրել իր իշխանությունը, Բաղդասարյանը պատասխանեց, որ չի կարծում, որ այսօր սահմանադրական բարեփոխումները հրատապ անհրաժեշտություն են, բայց, միևնույն ժամանակ, իրենք պատրաստ են մասնակցելու այդ հարցի շուրջ քննարկումներին:

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, Ա. Բաղդասարյանն ասաց, որ համաձայն չէ այդ տեսակետի հետ, քանի որ Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել է, որ նպատակ չունի հավակնելու Հանրապետության ղեկավարի պաշտոնին:

Իսկ ինչպիսի՞ հարաբերություններ ունեք Սերժ Սարգսյանի հետ այժմ: Այս հարցին Արթուր Բաղդասարյանը այսպիսի պատասխան տվեց.

«Իմ և Սերժ Սարգսյանի հարաբերությունները նորմալ են, ընկերական և աշխատանքային: Ես ասացի` մենք կյանքում ընկերներ ենք եղել, և, ինչպես լինում է երկու ընկերների մոտ, հիմա ինքը գնում է իր ճանապարհով, ես` իմ ճանապարհով: Մեր ճանապարհները բաժանվել են»:

Կարդացեք նաև

Իսկ չե՞ք քննադատելու Սերժ Սարգսյանին:

«Իհարկե քննադատելու եմ: Ես քննադատելու եմ բոլոր այն քայլերը, որոնք ես կհամարեմ սխալ և անարդունավետ: Միաժամանակ մենք պատրաստ ենք աջակցելու, սատարելու բոլոր այն քայլերին, որոնք կլինեն ճիշտ»,- պատասխանեց ասուլիսի բանախոսը:

Հետևեց հաջորդ հարցը` ՕԵԿ-ի օրակարգում կա՞ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը: Պատասխանելով այս հարցադրմանը` Արթուր Բաղդասարյանն ասաց. «Ուրեմն՝ եթե ես պահանջեմ Սերժ Սարգսյանի հրաժարականը, դա իմ կողմից կլինի ոչ բարոյական քայլ: Ինչո՞ւ, որովհետև մենք վեց տարի աշխատել ենք Սերժ Սարգսյանի հետ: Սերժ Սարգսյանն ինքն է հայտարարել իր հեռանալու մասին, և այդ հայտարարությունն արել է նույնիսկ ի զարմանս ինձ»:

Անդրադառնալով նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ գնահատականին` Արթուր Բաղդասարյանը հիշեց Սերժ Սարգսյանի թեզը, որ նոր վարչապետը պետք է «ընդունելի» լինի բոլորի համար, և նաև մինչ նոր վարչապետի անունը հրապարակելը Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքերը, որ «նշանակվելու է ժողովրդի կողմից սիրված վարչապետ»:

«Նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ նույնպես ունենք համատեղ աշխատանքի անցած ճանապարհ, ես` որպես ԱԱԽ քարտուղար, ինքը` որպես ԱԺ նախագահ: Ես միայն մի բան կարող եմ ասել` մեր քաղաքական խորհրդի որոշման մեջ գրված է, որ մենք հաջողություն ենք մաղթում Հովիկ Աբրահամյանին` իր գործունեության մեջ: Իսկապես երկիրը լրջագույն խնդիրների առջև է կանգնած, ներքին ու արտաքին մարտահրավերները չափազանց շատ են, իսկապես անհրաժեշտ են հավակնոտ, նորարարական, արդյունքին միտված լուծումներ: Թե ինչպիսին կլինի նոր կառավարության գործունեությունը, ցույց կտա ժամանակը: Կարող եմ ասել, որ մենք չենք խանգարելու նոր կառավարությանը, մենք կսպասենք 100 օրին և կտանք մեր քաղաքական գնահատականը»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

Տեսանյութեր

Լրահոս