Բաժիններ՝

Աշխարհ, բացի՛ր աչքերդ գոնե 100 տարի հետո…

Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ իմ զորակցությունը հայտնել մեզ բոլորիս աշխարհի ամենամեծ ողբերգության հերթական տարելիցի առնչությամբ, որից հետո աշխարհը տեսավ նաև այլ ցեղասպանություններ:

Այդ ցավն առաջին հերթին մերն է, որովհետև հենց մեր արյունակից եղբայրներին ու քույրերին են կոտորել աշխարհի՝ մինչև հիմա չպատժված ամենամեծ վայրագները: Վայրագություն, որը բնորոշ էր նախնադարյան շրջանում:

Ես վստահ եմ, որ մենք շուտով կունենանք մի նոր սերունդ, որն արդեն իսկ մեջքն ուղղած, հզոր ու խելացի ձևով մեր վրեժխնդրության հարցը կլուծի… Նրանք լինելու են նոր Հայաստանի և ամբողջ աշխարհասփյուռ հայերի մարտիկները: Ստորև ներկայացնում եմ իմ կարճառոտ մտքերը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:

1. Ցեղասպանության համար վրեժխնդիր լինելը մեզ համար պատվի հարց է, աշխարհի համար՝ արկածախնդրություն:
2. Ցեղասպանության ճանաչումը հարցի լուծում չէ, այն պետք է դատապարտել, ցեղասպանների հետևորդներին ու գաղափարախոսներին պատժել, որ մարդկության հանդեպ այդ զարհուրելի ոճրագործությունը ծիլեր չարձակի:
3. Ցեղասպանությունը ժխտողներին պետք է մայրության իրավունքից զրկել:
4. Յուրաքանչյուր հայ ապրիլի 24-ին մոռանում է իր սեփական հանգուցյալներին:
5. Ամեն անգամ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հավաքվելիս, հայը պետք է մտովի թռչի Թուրքիա՝ վրեժ լուծելու:
6. Ավաղ, աշխարհը հայերին հաճախ ճանաչում է Եղեռնով:
7. Եթե հազարավոր հաղթանակներ էլ ունենանք այս աշխարհում, միևնույն է, մեկուկես միլիոն հայերին չենք կարող ետ բերել:
8. Ապրիլի 24-ը ոչ թե մեր սգո, այլ միասնության օրը պետք է լինի:
9. Վստահ եմ, այն ցավը, որ հայերը տեսան երկրի վրա, թուրքերը տեսել են Դժոխքում:
10. Աշխարհ, բացի՛ր աչքերդ գոնե 100 տարի հետո…
11. Արդյոք շատ չէ՞ մեկ հարյուրամյակի համար այսքան ցեղասպանություն ու պատերազմ:
12. Մեկուկես միլիոնի անմեղ հոգիներն արդեն 99 տարի շրջում են աշխարհում ու հիշեցնում իրենց մասին:
13. Քանի՜-քանի՜ Սարյան ու Մինաս, Չարենց ու Սևակ, Կոմիտաս ու Թումանյան չտեսավ, չվայելեց աշխարհը 1915-ից հետո…
14. Իմ տխրության տարիքն 99 է արդեն:
15. Մեկուկես միլիոն հայի արև է խավարել ու 99 տարի չի շողշողում:
16. Արդեն հարյուր տարի մեկուկես միլիոնի արցունքն ու հոգու ճիչը երկնքից թափվում են մեզ վրա անձրևի տեսքով, կայծակի լույսով…

Արցախյան պատերազմի հերոս, ՀՀ և ԼՂՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի ասպետ, ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս