Օբաման ու Մերկելը Պուտինից պահանջել են զինվորականներին դուրս բերել Ուկրաինայի արևելքից
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ժամանակ քննարկել է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցի ժամանակ Օբաման ու Մերկելը համաձայնվել են, որ Ռուսաստանը պետք է անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկեի Արևելյան Ուկրաինայում իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ և այդ տարածքում գործող անկանոն զորքերին հարկադրի վայր դնել զենքը և լքել գրաված շենքերը:
Նրանք ընդգծել են, որ եթե դա տեղի չունենա, ապա ԱՄՆ-ն ու ԵՄ-ը պատրաստ են հետագա միջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ: ԱՄՆ-ի նախագահը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի կառավարությանը՝ կառուցողական առաջարկներ ներկայացնելու համար, որոնք առնչվում են տեղական ինքնակառավարման ընդլայնմանն ու բոլոր ուկրաինացիների իրավունքների պաշտպանության ապահովմանը:
Օբաման ու Մերկելը նաև իրենց աջակցությունն են հայտնել մայիսի 25-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններին: