Բաժիններ՝

Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը կվարի դասախոսություն Թումոյում

Թումոյի խորհրդի անդամ և Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը ապրիլի 18-ին ժամը 18:00-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կվարի դասախոսություն ծրագրային մշակման կառավարման թեմայով՝ «Այն, ինչ կարևոր է» խորագրով, որի ընթացքում նա կներկայացնի Թվիթերում իր աշխատանքային փորձառությունը:

Րաֆֆի Գրիգորյանը Թումոյի հրավերով ապրիլի 12-ին այցելեց Հայաստան: Այցի նպատակն էր ծանոթանանլու Թումոյի կրթական միջավայրին և աջակցելու Թումոյի ուսումնական ծրագրի ընդլայնմանը ծրագրավորման ոլորտում:

«Հուսով եմ, որ մենք այսօր կկարողանանք պատանիներին հաղորդել այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն նրանց ինքնուրույն խնդիրներ լուծել՝ չվախենալով իրականացնել որևիցե նոր գաղափար իրենց ապագա աշխատանքային ասպարեզում»,- ասաց Թվիթերի փոխնախագահը:

Ապրիլի 14 և 16-ին Րաֆֆին անցկացրեց «Գրագետ կոդավորման մեթոդները» դասընթացը՝ գործնական միջավայրում ցուցադրելով ոլորտի լավագույն ձեռքբերումները:  Ապրիլի 15 և 17-ին ոլորտի մասնագետներին նա  ներկայացրեց Twitter API-ի գործնական կիրառությունը տվյալների հայթայթման մեջ: Դասընթացներին մասնակցեցին մոտ 200 դիմորդներից  30-ը, ովքեր հաջողությամբ հաղթահարել էին ծրագրավորման քննությունը Թումոյում:

Կարդացեք նաև

Մեկ շաբաթյա այցի ընթացքում Րաֆֆին հանդիպում ունեցավ նաև Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների հետ՝ քննարկելու համաշխարհային զարգացող միտումները և հայկական ՏՏ համայնքին հուզող ներկայիս մարտահրավերները: Ապրիլի 17-ին Թվիթերի փոխնախագահը և Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը հանդիպեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` քննարկելու ՏՏ ոլորտի զարգացման միտումները Հայաստանում:

Րաֆֆի Գրիգորյանը ղեկավարում է Թվիթերի ճարտարագետների մեծ բանակը, որոնք սպասարկում են Թվիթերի կարևորագույն ենթակառուցվածքները, ինչպիսիք են՝ տվյալների շտեմարանը, վեբ սպասարկիչները և ծրագրերի դարանները: Նախքան Թվիթերը, MIT-ի շրջանավարտ Րաֆֆին համահիմնադրել է անձնական էներգախնայողության նախագիծը՝ WattzOn, ղեկավարել խորհրդատվական ընկերություն, ինչպես նաև դասավանդել է Նյու Յորքի համալսարանի Ինտերակտիվ հեռահաղորդակցության բաժնում:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս