Ալեքսանդր Արզումանյանը հեգնեց. «Այլևս մտնում ենք նոր փուլ, երբ արգելված են կաշառակերությունը, կոռուպցիան և մենաշնորհները»
«Խնդիրը վարչապետի անձը չէ, խնդիրն այս համակարգի ամբողջական փոփոխությունն է և տնտեսական ճգնաժամից դուրս գալու ուղիները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար, Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության հանրապետական խորհրդի նախագահ Ալեքսանդր Արզումանյանը` անդրադառնալով նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակմանը:
Ա. Արզումանյանը նկատեց, որ Հովիկ Աբրահամյանի նշանակումն առանձնակի անակնկալ չէր, քանի որ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո` առաջին իսկ օրվանից, հենց նրա անունն էր շոշափվում` որպես նոր վարչապետ: Եվ նաև ավելացրեց, որ պետք է սպասել և տեսնել, թե ինչպիսի կազմ կունենա նոր կառավարությունը, ինչ ծրագրեր կներկայացնի, որից հետո նոր հնարավոր կլինի գնահատականներ տալ:
Խոսելով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին` նա ասաց, թե դա այնքան էլ չէր կապի ոչ իշխանական ուժերի գործունեության հետ. «Ակնհայտ էր, որ վարչապետն ինչ-որ պահի պետք է զոհաբերվեր, քանի որ երկիրը վերջին 6 տարիների ընթացքում որևէ առաջընթաց չի արձանագրել ոչ մի ոլորտում, և գալու էր պահը, երբ նախագահը, զոհաբերելով վարչապետին, պետք է փորձեր նորից սկսել»:
Ա. Արզումանյանն ընդգծեց` էական չէ, թե ով կլինի վարչապետը, կա իշխող ռեժիմ, որը բուրգի կառույց ունի, և իրականացնում է մեկ անձի որոշումներ:
Երեկ իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակը հայտարարել էր, թե նոր վարչապետին հնարավորություն կտրվի ազատորեն գործելու և իր իրականացնելու իր ծրագրերը: Այս առումով` ՀՀՇ-ի ներկայացուցչից նաև հետաքրքրվեցին, թե մի փոքր տարօրինակ չէ՞ր հրապարակայնորեն այդպիսի հայտարարություն անելը, փաստորեն, իշխանությունը խոստովանեց, որ նախորդ կառավարություններին չի՞ տրվել այդ հնարավորությունը:
«Հավանաբար պետք է հարցնեք նախագահին: Նա ասաց, որ նաև արգելվելու է կաշառք վերցնելը, այսինքն` փաստացի մինչև վերջերս որևէ մեկը չէր արգելել, և որևէ վարչապետ կամ նախարար որևէ սխալ չի արել, քանի որ արգելված չէր: Այլևս, կարծես թե, մտնում ենք նոր փուլ, երբ արգելված են կաշառակերությունը, կոռուպցիան և մենաշնորհները: Հիմա տեսնենք` ինչպես կգործեն կառավարության անդամները էս արգելանքի պարագայում»,- ի պատասխան` հեգնեց Ալեքսանդր Արզումանանը:
Երեկ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ խորհրդի նիստի առջև ելույթում ներկայացնելով նոր վարչապետին, նշել էր այն աշխատանքային առաջնահերթությունները և խնդիրները, որոնք դրվել են նոր վարչապետի և կառավարության առջև, օրինակ` պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը կամ Մաքսային միությանը միանալու աշխատանքներին նոր թափ հաղորդելը և այլն: Սրան անդրադառնալով` Արզումանյանը նշեց հետևյալը.
«Այն, ինչ ասվում է, ինձ չի հետաքրքրում, որովհետև ասելով չէ: Ի սկզբանե բառն է, անշուշտ, բայց նաև պետք է տեսնենք` ինչ քայլեր կձեռնարկվեն, ըստ այդմ` կորոշենք: Մաքսային միության հետ կապված` անշուշտ, դա այս նախագահի որոշումն է, և դեռևս խոսք չի եղել, որ վերանայվում է այդ մոտեցումը: Դուք գիտեք իմ մոտեցումը. ես կտրականապես դեմ եմ դրան և գտնում եմ, որ սահմանափակում է մեր ինքնիշխանություն, բայց սա այլ հարց է: Ինչ վերաբերում կուտակային համակարգին, այն հանդես եկավ որպես այս շարժումների և գործընթացների կատալիզատոր, կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն:
Այստեղ Աբրահամյանի անձը կարող է լինել այն կոմպրոմիս որոնողը, ինքը կոմպրոմիսների պատրաստ մարդ է, և քանի որ ժամանակ է տրված մինչև սեպտեմբերի 30-ը, գուցեև փորձ արվի բոլորի համար ընդունելի կամ բոլորի համար հավասարաչափ անընդունելի մի տարբերակի վրա կանգ առնել: Ժամանակը ցույց կտա: Ցավոք սրտի, հերթական անգամ Սահմանադրական դատարանի որոշումը մի մեծ տրակտատ էր, որի հիմնական ուղերձը դժվար է հասկանալ, թերևս մի հոգի է հասկանում` ինքը գրողը»: