Զուրաբ Աբաշիձեն հուսով է, որ Ռուսաստանը կդյուրացնի Վրաստանի հանդեպ սահմանած վիզային ռեժիմը
![](https://168.am/wp-content/uploads/2014/04/1391946135409919.jpg)
Վրացական «Ռեզոնանսի» թերթին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Աբաշիձեն հույս է հայտնել, որ Պրահայում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ իր առաջիկա հանդիպման ժամանակ կհաջողվի տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի կողմից Վրաստանի հանդեպ վիզային ռեժիմի դյուրացման մասին.
«Ես անպայմանորեն կհետաքրքրվեմ այդ հարցով: Կիմանամ, թե ինչ նոր բան կա՝ կապված դրա հետ, և կվերադառնամ որևէ կոնկրետ տեղեկատվությամբ»: Աբաշիձեի ու Կարասինի հանդիպումը պետք է տեղի ունենա ապրիլի 16-ին Պրահայում:
Դա կլինի նրանց թվով 6-րդ հանդիպումը: Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2012 թվականի դեկտեմբերի 14-ին, Ժնևում, իսկ վերջին հանդիպումը՝ նախորդ տարվա նոյեմբերի 21-ին, Պրահայում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Վրաստանի նկատմամբ վիզային ռեժիմ է սահմանել դեռևս 2000 թվականին: 2012 թվականի փետրվարի 28-ին Վրաստանը միակողմանիորեն Ռուսաստանի քաղաքացիների համար վերացրել է վիզային ռեժիմը: