Քրեակատարողական հիմնարկների պայմանները բարելավվեն
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, լրացուցիչ 875 մլն դրամ է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարությանը, որպեսզի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջիկա մայիս ամսին բնակեցվելիք 400 ազատազրկվածի համար նախատեսված մասնաշենքից զատ այս տարի կառուցվի նույնքան տարողությամբ ևս մեկ մասնաշենք: Ներկայումս քրեակատարողական հիմնարկները շարունակում են գերբեռնված մնալ: 2006 թվականից կառուցվող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 800 ազատազրկվածի պահման համար նախատեսված 4 նոր մասնաշենքի կառուցումը հրատապ խնդիր է, որը մասնակիորեն կլուծվի կառավարության սույն որոշման իրագործմամբ:
Կառավարությունը տարածքներ է հանձնել
Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Արշակունյաց 2ա և Իսահակյան 28 հասցեներում գտնվող շենքերից անհատույց օգտագործման իրավունքով 5 տարի ժամկետով տարածքներ են հանձնվել «Տնտեսական լրագրողների ակումբ», «Մամուլի ազգային ակումբ», «Սեր, ընտանիք», «ՀՀ պատերազմի-զինված ուժերի, աշխատանքի և իրավապահ մարմինների վետերանների միավորում», «Աջակցություն բարեփոխումներին» (10 տարով), «Հայկական կարմիր խաչի ընկերություն», «Ֆեմիդա» և «Հակաստվեր» հասարակական կազմակերպություններին:
Կառավարության այլ որոշումներով տարածքներ են հանձնվել «Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը, Շիրակի մարզի Ախուրիկի գյուղական համայնքին՝ որպես մանկապարտեզ օգտագործելու պայմանով: Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի 1-ին թաղամասում գտնվող կաթսայատան սարքավորումները և արտաքին ջերմացանցը նվիրաբերվել են Սպիտակի քաղաքային համայնքին՝ ջերմոցային տնտեսություն հիմնելու պայմանով:
Կառավարությունը ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոց թիվ 60/1 հասցեում գտնվող 927.7 քառ. մետր մակերեսով գույքը և համապատասխան հողատարածքը ուղղակի վաճառքի ձևով օտարել գույքի վարձակալ «Ասպար ԱՐՄՍ» ՍՊԸ-ին: Ակնկալվում է, որ գործարքի շնորհիվ կմեծանա գույքի օգտագործման արդյունավետությունը, կավելանա պետբյուջեի մուտքը:
Գործադիրը որոշել է 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի քաղաքացիություն ստացած ևս 6 ընտանիքի սեփականաշնորհել տարբեր հանրակացարաններում զբաղեցրած բնակելի տարածքները: