Բաժիններ՝

PKK-ի զինյալները սկսել են վերադառնալ. թուրքական զեկույց

Թուրքական Hürriyet Daily News‎ թերթի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները սահմանամերձ շրջանների իրենց բազաներից վերադառնում են Թուրքիայի տարածքում գտնվող քաղաքներ, և ոչ թե լքում են այն: Այս մասին նշված է թուրքական ոստիկանության և ժանդարմերիայի հետախուզական վարչության պատրաստած զեկույցում:

Դրանում PKK-ի զինյալների ընդհանուր քանակը գնահատվում է մոտ 1000 մարդ: Զեկույցում նշված է, որ Թուրքիայի տարածքից PKK-ի ուժերի դուրս բերումն ամբողջովին կասեցված է: 2013 թվականի մայիս-սեպտեմբերին խաղաղության գործընթացի շրջանակներում Թուրքիայի տարածքը լքել է քուրդ զինյալների 65 խումբ, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է եղել 14-16 մարդուց:

Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ երկրի տարածքը լքել են առավել թեթև զինվածները, մինչդեռ լավ սպառազինված զինյալները մնացել են իրենց բազաներում: Թուրքիայի ներքին շրջաններից դեպի սահման PKK-ի զինյալների հեռանալը դանդաղել է մինչև 2013 թվականի հոկտեմբեր, ինչից հետո այն կասեցվել է:

Քուրդ զինյալները պահպանել են իրենց ներկայությունը սահմանամերձ շրջաններում: Գարնան գալուն պես զինյալները սկսել են լքել իրենց սահմանային ձմեռային բազաները և շարժվել դեպի Թուրքիայի ներքին շրջաններ: Թուրքիայի անվտանգության ուժերն ընդգծում են, որ իրենք տվյալներ չունեն նրանց երթուղիների մասին:

PKK-ն իր ներկայությունը պահպանել է արևելյան ու հարավ-արևելյան նահանգներում՝ Թունջելի, Հաքքարի, Շըրնաք, Դիարբեքիր, Բինգյոլ, Վան և Մուշ, ինչպես նաև սևծովյան տարածաշրջանում և Կենտրոնական Թուրքիայում:

Անվտանգության ուժերը նաև ընդգծել են, որ վերջին շրջանում PKK-ին միացել է մոտ 2000 մարդ: Այդ նորեկները Թուրքիա են վերադարձել կարճ ժամանակով երկրի սահմաններից դուրս գտնվելուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս