Պուտինը նամակ է հղել եվրոպացի առաջնորդներին՝ կապված Ուկրաինայի գազային պարտքի հետ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նամակ է հղել եվրոպացի առաջնորդներին, որում խորին մտահոգություն է հայտնել՝ կապված Ուկրաինայի գազային պարտքի հետ:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, որի խոսքերով՝ տվյալ նամակն ուղարկվել է ինչպես Արևմտյան, այնպես էլ՝ Արևելյան Եվրոպա, իսկ դրա պատճենն ուղարկվել է Բրյուսել:
Պեսկովը հավելել է, որ նամակում նշված են իրավիճակի կարգավորման կոնկրետ առաջարկներ, որոնց էությունը Կրեմլը դեռ չի ցանկանում բացահայտել: Պեսկովը միայն հայտնել է, որ խոսքը գնում է արտակարգ միջոցներ ձեռնարկելու մասին:
Նշվում է, որ մարտին Ուկրաինան չի վճարել ռուսական գազի մատակարարումների դիմաց, ինչը հաստատել են երկու կողմն էլ: Խոսքը գնում է 550 միլիոն դոլարի մասին, իսկ ընդհանուր առմամբ՝ Կիևի պարտքը կազմում է 2.2 միլիարդ դոլար: