Թուրքական ուղղաթիռի մոտենալուց հետո Հունաստանն օդ է բարձրացրել իր կործանիչները
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երբ թուրքական ուղղաթիռը հետախուզական դիտարկում է իրականացրել Էգեյան ծովի «միջազգային օդային տիրույթում», Հունաստանն օդ է բարձրացրել իր կործանիչները: Այս մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը:
Վերջինիս հաղորդմամբ՝ երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերի S-70B ուղղաթիռը սկսել է հետախուզական թռիչք իրագործել Էգեյան ծովում, Հունաստանն օդ է բարձրացրել 2 հատ F-16 կործանիչ, որոնք 6 անգամ այսպես կոչված անհանգստացրել են թուրքական ուղղաթիռին:
Հիշեցնենք, որ թուրք օդաչուներն իրենց շարունակ իրավունք են վերապահում թռչելու Էգեյան ծովում միմյանց հարող կղզիների վրայով, ինչը Հունաստանը դիտարկում է որպես իր օդային տարածքի խախտում և կանոնավոր օդ է բարձրացնում իր կործանիչները:
Սակայն դրանք կրակ չեն արձակում և մանևրների միջոցով հակառակորդի էսկադրիլիաներին «ուղեկցում» են դեպի թուրքական օդային տարածք: Թուրքական կողմը դրանք անվանում է «շնային մարտեր»:
Ի դեպ, 2010 թվականի հոկտեմբերի 20-ին թուրքական Milliyet թերթը գրեց, որ Հունաստանը միայն 2009 թվականին Էգեյան ծովի երկնքում մարտական ինքնաթիռների միջոցով Թուրքիայի դեմ իրականացրել է 1383 կանխարգելիչ գործողություն, որոնց վրա ծախսել է 25.620.000 եվրո:
Ընդհանուր առմամբ, 2000–2009 թվականներին Հունաստանի ռազմաօդային ուժերն իրականացրել են 19.888 այդպիսի կանխարգելիչ թռիչք, որոնց վրա հունական կողմը ծախսել է 447.5 միլիոն եվրո: Հունական կողմի տվյալներով՝ 2000–2009 թվականներին Թուրքիայի ռազմաօդային ուժերը 49.228 անգամ խախտել են իր օդային սահմանը: