Բաժիններ՝

Աբդուլլահ Գյուլը կարող է դառնալ Թուրքիայի վարչապետ

CNN Turk-ի փոխանցմամբ՝ եթե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ընտրվի երկրի նախագահ, ապա գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Այս մասին հայտարարել է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավարներից Մեհմեթ Ալի Շահինը:

Վերջինիս խոսքերով՝ գործող նախագահ Աբդուլլահ Գյուլն ունի քաղաքական մեծ փորձ, և ԱԶԿ-ը կցանկանար օգտագործել այդ փորձը: Նախօրեին ԱԶԿ-ի հիմնադիր խորհրդի անդամ Սալիհ Քափուսուզը հայտարարել էր, որ վարչապետ Ռեջեփ Էրդողանը կարող է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում:

Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին:

Հիշեցնենք, որ Աբդուլլահ Գյուլը նախկինում արդեն իսկ հանդիսացել է Թուրքիայի վարչապետ, ընդ որում՝ ամենակարճ ժամկետով (18.11.2002-14.03.2003) պաշտոնավարած վարչապետը: Վարչապետի պաշտոնում Գյուլին 2003 թվականի մարտին փոխարինել է ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանը, ով արդեն իսկ տվյալ պաշտոնում անընդմեջ գտնվելու երկարակեցության ռեկորդ է սահմանել Թուրքիայում:

Այս տարվա մարտի 14-ին լրացավ Թուրքիայի վարչապետի պաշտոնում Էրդողանի պաշտոնավարման 11 տարին: Էրդողանը Թուրքիայի վարչապետ է դարձել 2003 թվականի մարտի 14-ին և արդեն իսկ գերազանցել է Թուրքիայի նախկին վարչապետ Ադնան Մենդերեսի (անընդմեջ վարչապետ հանդիսանալու) ռեկորդը, որին զինվորականները 1960 թվականի մայիսի 27-ին գահընկեց արեցին, և որը կախաղան բարձրացվեց 1961 թվականի սեպտեմբերի 17-ին Մարմարա ծովի Իմրալը կղզում:

Մենդերեսը Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 22.05.1950-27.05.1960 ժամանակահատվածում՝ ընդհանուր առմամբ 10 տարի և 5 օր: 1946 թվականին Թուրքիայում միակուսակցական համակարգից հրաժարվելուց ու բազմակուսակցական համակարգին անցում կատարելուց հետո Էրդողանն ունի ամենամեծ ցուցանիշը՝ կապված վարչապետի պաշտոնում պաշտոնավարման ժամկետի հետ: Իսկ ընդհանուր (ժամկետով) առմամբ, նա զիջում է միայն Իսմեթ Ինենյուին, որի ցուցանիշը կազմում է 17 տարի, 11 ամիս և 20 օր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս