Բաժիններ՝

Անջատողականները կհայտարարեն Հարավ-արևելյան հանրապետության ստեղծման մասին և նախագահ կընտրեն Յանուկովիչին. Իլարիոնով

Gordonua.com-ին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին խորհրդական, տնտեսագետ Անդրեյ Իլարիոնովը հայտարարել է, որ անջատողականների նպատակն Ուկրաինայի հարավ-արևելքում անկախ հանրապետության ստեղծումն է՝ իր նախագահով, որը լիովին կարող է դառնալ երկրից փախուստի դիմած նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը.

«Անջատողականները կգումարեն մարզային խորհուրդների համագումարի նման մի բան, որում կհռչակեն այսպես կոչված Հարավ-Արևելյան կամ Դոնեցկյան հանրապետության ստեղծման մասին և կընտրեն իրենց նախագահին: Կամ էլ նրանք Ռուսաստանից կբերեն Յանուկովիչին, ով կնշանակի նոր նահանգապետեր, ոստիկանապետեր և անվտանգության ծառայության ղեկավարներ:

Անջատողականները կընդունեն իրենց Սահմանադրությունը, կգրավեն օդանավակայանները, երկաթուղային կայարանները, կապի հիմնարկները, հեռուստա և ռադիոկայանները: Անջատողականներն իրենց ջոկատները կուղարկեն ռուս-ուկրաինական սահման, կփորձեն զինաթափել սահմանապահներին և բացել Ռուսաստանի հետ սահմանային անցակետերը:

Դրանց միջոցով Ուկրաինայի տարածք կհորդեն արհեստավարժ հատուկջոկատայինները, որոնցից հազարավորներն արդեն իսկ նախորդ շաբաթներին ներթափանցել են Ուկրաինա: Եվ երբ կիևյան իշխանությունները վերջիվերջո կկիրառեն ուժ, այն ժամանակ էլ Ռուսաստանը պաշտոնապես իր զորքերը կմտցնի Ուկրաինա:

Պուտինի նպատակը ոչ միայն հարավ-արևելիք միավորումն է, այլև՝ Ուկրաինայի ամբողջովին փլուզումը: Որքան շատ անջատողականները գտնվեն իրենց գրաված վարչական շենքերում, այնքան երկար ու արդյունավետ դա կաշխատի երկրի փլուզման համար:

Ղրիմյան սցենարն այժմ կրկնվում է Դոնեցկում ու Լուգանսկում, իսկ հետո՝ անգամ շարունակվում է Խերսոնում ու Օդեսայում: Թվում է, թե Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են մաս-մաս հանձնել երկիրը: Չպետք է թույլ տային Ղրիմի կորուստը»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Իլարիոնովն Ուկրաինայի վերաբերյալ հայտարարել էր, որ ոչ ոք չի օգնի ագրեսիայի զոհին, եթե զոհն ինքը չի դիմադրում: Մեկ այլ դեպքում նա հայտարարել էր, որ վերջին 75 տարում Եվրոպան գործ չի ունեցել Պուտինի նման մարդու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս