Բնապահպանության նախարարություն. Նախարարը չի կարող Ջերմուկում ծառահատման թույլտվություն տալ
Ջերմուկ քաղաքի հարակից տարածքներում ծառահատման դեպքերի մասին ԶԼՄ-ներով տարածված տեղեկատվության վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է.
1. ՀՀ բնապահպանության նախարարությունը և առավել ևս նախարարը չեն կարող հրապարակումներում հիշատակված տարածքում ծառահատման թույլտվություն տալ, քանի որ այն նախարարության և նախարարի լիազորություններից դուրս է,
2. Բնապահպանության նախարարը չի կարող իր լիազորությունների շրջանակում ՀԷԿ կառուցելու թույլտվություն տալ, քանզի ՀԷԿ-ի կառուցման համար անհրաժեշտ լիցենզիայի և շինթույլտվության տրամադրումը Բնապահպանության նախարարության իրավասություններից դուրս է,
3. ՀՀ բնապահպանության նախարարությունը իր լիազորությունների շրջանակում տալիս է ՀԷԿ-ի կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվություն, ինչի վերաբերյալ «Ջինջ Արփա» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը դեռ սահմանված կարգով գտնվում է գնահատման փուլում և թույլտվություն չի ստացել
4. Հայտնում ենք նաև, որ ԶԼՄ ների հրապարակումների հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարությունը օրենքով սահմանված կարգով բացել է թեժ գծի հանձնարարական և Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է ստուգել հրապարակված տեղեկության իսկությունը և խախտումներ արձանագրելու դեպքում օրենքով սահմանված կարգով ընթացք տալ:
ՀՀ բնապահպանության նախարարություն



