«Խավարասերների շարժումը» չի մարում․ Նյու Դելիում նոր բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև
Հնդկաստանի կրթության նախարարի հրաժարականը պահանջող երիտասարդ ցուցարարները չորեքշաբթի ուշ երեկոյան Նյու Դելիի փողոցներում կարճատև բախումներ են ունեցել ոստիկանների հետ․ գրում է Reuters գործակալությունը։
Ցուցարարներին հետ մղելու համար ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ և օգտագործել մահակներ։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավելի քան 10․000 մարդ էր հավաքվել Նյու Դելիի կենտրոնում։ «Խավարասերների» շարժման (Cockroach movement) առաջնորդները հայտարարել են, որ կշարունակեն արդեն իսկ մեկ ամիս շարունակվող բողոքի ակցիաները, քանի դեռ կրթության նախարարը հրաժարական չի ներկայացրել։ Նախարարի հրաժարականը պահանջող ցույցերի պատճառ է դարձել այս տարվա մայիսին քննությունների հարցաթերթիկների արտահոսքը։
Նշվում է, որ բողոքի ցույցերը դարձել են 2014 թվականին իշխանության գալուց հետո վարչապետ Նարենդրա Մոդիի համար երիտասարդների ներկայացրած ամենալուրջ մարտահրավերը։
Ակցիաների առիթը Հնդկաստանի բժշկական քոլեջների ընդունելության և պետական ծառայության անցնելու համար ամենամրցակցային քննություններից մի քանիսի հարցաթերթիկների հնարավոր արտահոսքի վերաբերյալ հանրային զայրույթն էր։
«Խավարասերների շարժումը» մեկնարկել է մայիսին, երբ Հնդկաստանի Գերագույն դատարանի գլխավոր դատավոր Սուրյա Քանտը մեկ այլ գործով դատական նիստի ընթացքում գործազուրկ որոշ երիտասարդների համեմատեց խավարասերների հետ։ Նրա այդ արտահայտությունը համացանցում դժգոհության ալիք բարձրացրեց, ինչի հետևանքով Բոստոնի համալսարանի ուսանող Աբհիջիթ Դիպկեն ստեղծեց «Խավարասերների ժողովրդական կուսակցությունը» (Cockroach Janta Party, կամ Cockroach People’s Party)։
Բազմաթիվ երիտասարդ հնդիկներ «խավարասերներ» բնորոշումը դարձրին իրենց դիմադրության խորհրդանիշ։ Արշավը մեծ տարածում ստացավ սոցիալական ցանցերում՝ օրերի ընթացքում Instagram-ում հավաքելով ավելի քան 21 միլիոն հետևորդ։ Շարժման աջակիցները հրապարակում էին մեմեր և ծաղրական բնույթի մեկնաբանություններ՝ Մոդիի կառավարության դեմ՝ կապված գործազրկության, սահմանափակ աշխատանքային հնարավորությունների և տնտեսական ճնշումների հետ։

