Ջոն Քերին մտադիր է մոտ ժամանակներս այցելել Ադրբեջան

Вестник Кавказа-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ մտադիր է մոտ ժամանակներս այցելել Ադրբեջան, ինչը կհամապատասխանի նրա հունվարյան հայտարարությանը, որ ԱՄՆ-ը ամբողջական աջակցություն է ցուցաբերելու Ադրբեջանին:

Ադրբեջանցի պատգամավոր, քաղաքագետ Ասիմ Մոլազադեն վստահություն է հայտնել, որ Քերիի ադրբեջանական այցը միտված է լինելու ամերիկա-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:

Մոլազադեն Քերիի այդ այցը համարում է ժամանակին՝ հաշվի առնելով Ուկրաինայի և ընդհանրապես ողջ հետխորհրդային տիրույթի զարգացումները: Մոլազադեն ընդգծել է, որ իրենք մեծապես ցանկանում են, որպեսզի ԱՄՆ-ը ակտիվ մասնակցություն ունենա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

Ադրբեջանցի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովն իր հերթին վստահություն է հայտնել, որ Քերիի առաջիկա այցում առանցքային դեր է խաղում Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքը և մասնավորապես Իրանի ու Ռուսաստանի միջև, ինչպես նաև պայթունավտանգ Մեծ Մերձավոր Արևելքին բավական մոտ գտնվելը:

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովը ենթադրում է, որ Ջոն Քերին առաջիկա ամիսներին այցելելու է Ռուսաստանի շուրջ ընկած երկրներ՝ ճնշում գործադրելու համար նրանց նկատմամբ: Նա չի բացառել, որ Քերին Ադրբեջանին կառաջարկի հրաժարվել Կասպից ծովում նավթի ու գազի արդյունահանման ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունից:

Տեսանյութեր

Լրահոս